Ի՞նչ է հնարավոր անել՝ կորոնավիրուսի Հայաստան ներթափանցումը կանխարգելելու համար
Չինաստանի Ուհան քաղաքում ծագած կորոնավիրուսային վարակով պայմանավորված՝ ամբողջ աշխարհում առկա է այս վարակի տարածման մեծ ռիսկ: Չնայած Հայաստանում ռիսկը ցածր մակարդակի վրա է, անհրաժեշտ է ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ՝ վարակի ներթափանցումը մեր երկիր նվազեցնելու համար:
Ելնելով համաճարակային իրավիճակից՝ ցանկալի է առաջիկա երկու ամսում ձեռնպահ մնալ Չինաստանից Հայաստան զբոսաշրջային այցեր կազմակերպելուց:
Այնուամենայնիվ, նախապես պլանավորված այցերը ընդունելիս անհրաժեշտ է իմանալ`
Կորոնավիրուսային վարակի հարուցիչը վիրուս է, որի հիվանդային ախտանշաններն են՝ հազ, տենդ, դժվարացած շնչառություն: Ինկուբացիոն շրջանը 14 օր է:
Ախտանշանների առկայության պարագայում ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է`
1.Անհապաղ դիմել բուժօգնության՝ կամ ահազանգել Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 հեռախոսահամարով,
2.Սահմանափակել շփումները, չմասնակցել բազմամարդ միջոցառումներին,
3.Չզբաղվել ինքնաբուժմամբ,
4.Պահպանել հիգիենայի կանոնները
5.Զբոսաշրջային խմբի անդամների շրջանում հանկարծակի ուշագնացության դեպքեր նկատելիս, աշխատեք անմիջապես դիմել բուժօգնության, հնարավորության դեպքում տեղեկացրեք ՀՀ առողջապահության նախարարությանը: Անձամբ օգնություն ցուցաբերելիս՝ պահպանեք հիգիենայի կանոնները, խուսափեք սերտ շփումից:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armeniaը ելնելով կորոնավիրուսի վարակի հետ կապված ներկա իրավիճակից՝ հորդորում է ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:
Ներկայումս ՉԺՀ-ում գտնվող մեր քաղաքացիներին հորդորվում է մշտական կապի մեջ լինել Չինաստանում ՀՀ դեսպանության և ՀՀ ԱԳՆ հետ։