Ուզու՞մ ես շատ փող աշխատես, թո'ղ արվեստը, գնա' բանկ
Արդեն 10 տարի է մեր երկրում գոյություն ունի «Միհր» թատրոնը: Այն հիմնադրել է Ցոլակ Մլքե-Գալստյանը: «Միհր»-ը միակն է Կովկասի ողջ տարածքում, որ ներկայանում է "Contemporary Dance" ոճում: Եվրոպայում, Ասիայում, ԱՊՀ-ում և ԱՄՆ-ում արժանացել է բազմաթիվ մրցանակների: Չնայած դրան, մեր երկրում երիտասարդ արվեստագետներն ունեն բազմաթիվ խնդիրներ:
Operative.am -ի թղթակիցը հանդիպեց թատրոնի ղեկավար Ցոլակ Մլքե-Գալստյանի հետ` զրուցելու Հայաստանում երիտասարդ արվեստագետների առօրյայի, խնդիրների, Հայաստանում ընդունված լինել-չլինելու մասին:
- Երիտասարդ արվեստագետների համար որո՞նք են ամենակարևոր խնդիրները մեր երկրում:
-Մենք մեր թատրոնով փորձեր ենք անում, ստեղծագորործում ենք ու դա լավ է: Մի քիչ դժվար է, որովհետև մենք ունենք հանդիսատեսի, ընդհանրապես, հանրության խնդիր: Երիտասարդության մեջ ավելորդ լարվածություն կա, ինչ-որ ծանրություն, նեգատիվ ... չեմ ասում լինենք անբռնազբոս ազատ, ինչպես Եվրոպայում, մենք դրան դժվար թե մոտենանք: Ես չէի էլ ցանկանա: Մյուս կողմից, պետք է ազատ շնչելու հնարավորություն լինի: Մենք ունենք սկզբունքային վերաբերմունք մեր գործի նկատմամբ: Միշտ չէ, որ ամենակարևորը վարձատրվելն է: Հա', մենք քիչ ենք գումար աշխատում, բայց մենք հոգևոր սնունդ ենք շատ ստանում, որը ինձ համար թանկ է ու կարևոր: Եթե դու քո արածից չես բավարարվում, քեզ աշխարհի փողերը չեն փրկի: Ես չեմ հասկանում արվեստագետներին, ովքեր գումարի համար սերիալում են նկարվում: Ուզու՞մ ես շատ փող աշխատես, թո'ղ արվեստը, գնա' բանկ, լիքը փող կա այնտեղ: Հետո, փառքը ու փողը պետք է շատ լինի, ասենք` ձեր շենքի աղջիկները քեզ ճանաչեցին, հետո՞ ինչ... եթե քո արածը արժեք է, իսկ դա ժամանակն է ցույց տալիս, դու քո տեղն անպայման կգտնես, ժողովուրդն ասում է.«Տաշած քարը գետնին չի մնա»: Ուղղակի այդ ճանապարհին դիմանալ է պետք: Հիմա, իմ կարծիքով, մենք ճանապարհի լավ հատվածում ենք:
-Ի՞նչն է ձեզ պահում թատրոնում:
-Ինձ պետք չեն ինչ-որ «քաղցր-մաղցր բաներ», որ ինձ թատրոնում պահեն, եթե թատրոնը չլինի, ես կմեռնեմ, չէ', ֆիզիկապես ես կլինեմ, բայց այն Ցոլակը, որ հիմա նստած քո հետ խոսում է` չի' լինի: Բա էլ ո՞նց ես երիտասարդ, եթե գիշերն արթուն չես անցկացնում, նոր բաներ չես մտածում, չես ստեղծագործում: Առողջ մարդիկ գտնելն է դժվար, նկատի ունեմ, ուղեղով առողջ, իմ խմբի դերասաններից մի քանիսը հիմա սերիալում են խաղում, հնարավոր է` կոմերցիոն առումով դա ավելի ձեռնտու է... մարդու ընտրությունն է... նշանակում է իմ թատրոնում իրենք անելիք չունեն: Դերասաններ ունեմ, որ տարիներով ինձ հետ են, միասին ենք աճել, զարգացել, հնարավոր է` սկզբում արտասահման գնալու հեռանկարով եմ իրենց խումբ բերել: Հետո իրենք են որոշել:
-Ունե՞ք Հայաստանում չգնահատված լինելու խնդիր:
-Արտասահմանում մենք տոմս վաճառում ենք, իսկ Հայաստանում` ոչ. ինձ համար կարևոր է, որ այստեղ բոլորը կարողանան տեսնել ներկայացումը, ուրիշ հարց է, որ մի հատված կա, որը միևնույն է' չի գալու: Մենք որոշել ենք այլևս չմասնակցել հայաստանյան մրցանակաբաշխություններին. ներկայացումը, որ երկու միջազգային մրցանակ ունի, ոչ միայն չի նոմինացվում, այլև իմ դերասաններին ոչ պատշաճ վերաբերմունք են ցույց տալիս: Մենք այս պահին փորձ անելու տեղ չունենք, դրսում ենք փորձ անում, խաղաղ անկյուն ենք գտել, չենք դժգոհում: Վատ է, որ մեր ներկայացումներն ենք քիչ խաղում: Այնպես է ստացվում, որ մեր վերջին ներկայացման պրեմիերան Պերմում արեցինք, կարող էինք չէ՞ մեր երկրում անել, բայց Հայաստանում տեղ չկա: Ինչ-որ ստրկություն է. ակադեմիական թատրոններն իրենց հնացած խաղացանկերով, հնացած օրենքներով, իսկ նորարարական արվեստի համար հնարավորությունները քիչ են: Մեր ներկայացումների վերնագրերը միայն եթերից լսելով, հասկանում ես, որ պոռնոգրաֆիա է թատրոններում, ես էլ կարող եմ ինչ-որ վատ վերնագիր ընտրեմ, ասենք «Անկողնուց այն կողմ», կիսամերկ աղջիկներով ցուցանակ անեմ, ու վերջ, կոմերցիոն առումով ինձ ապահովեմ, բայց էրոտիկան արվեստի ամենացածր աստիճանն է, ես չե'մ ուզում դա անեմ: Ու չե'մ անի: Մի քան օր առաջ, բավական հեղինակավոր ժյուրին, նշեց, որ "Contemporary Dance" ոճում «Միհր»-ը նոր ուղղություն ստեղծելու ճանապարհին է, ես դրան եմ գնում, ինձ դա հերիք է:
-Ի՞նչ հնարավորություններ ունեն հայ արվեստագետ երիտասարդները և արտասահմանում ապրող երիտասարդները:
- Ոչ մի հնարավորություն: Կամ ե'ս պետք է լավ ամուսնանամ, կա'մ աղջիկները: Ի՞նչ ասեմ բա: Մի կողմ դնենք Եվրոպան, նույնիսկ Ռուսաստանում, եթե իրենց մշակույթը զարգացնող, արժեքներն այլ երկրներին ներկայացնող որևէ բան ես անում, անկախ նրանից ինչ ազգանուն ունես, կողքիդ կանգնում են: Ես ունեմ «Կոմիտաս» ներկայացումը, որը կարող եմ խաղալ տարվա մեջ 200 անգամ,աշխարհի տարբեր բեմերում, բայց հնարավորություն եմ ունեմ խաղալու միայն 10 անգամը. հրավեր ստանում եմ, բայց գնալ չեմ կարող: Եղել է, որ մշակույթի նախարարությունը ինչ-որ հարցերում մեզ օգնել է, բայց հիմնականում ամեն ինչ ինքներս ենք անում:
Զրուցեց Գայանե Շահինյանը