Էրդողանը մեղադրել է Խաֆթարին Լիբիայում հրադադարը խախտելու մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի կարելի ակնկալել գեներալ Խալիֆա Խաֆթարից հրադադարի մասին համաձայնագրի պահպանումը: Մեկնաբանելով հրադադարը խախտելու մասին հաղորդագրությունները՝ «Անհնար է ակնկալել գթասրտություն եւ ըմբռնում այդպիսի մարդուց (Խաֆթարից)»,-հայտարարել է նա, հաղորդում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Բեռլինում կայացել է Լիբիայում իրավիճակի կարգավորման շուրջ միջազգային համաժողով Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Եգիպտոսի եւ այլ երկրների, ինչպես նաեւ ԵՄ-ի ու ՄԱԿ-ի մասնակցությամբ: Համաժողովի գլխավոր արդյունքը Լիբիայում հրադադարի մասին մասնակիցների կոչն էր եւ հակամարտությանը միջամտելու պարտավորությունը՝ պահպանելով կողմերին զենք մատակարարելու էմբարգոն: Բացի այդ, հանդիպման մասնակիցներն առաջարկել են ստեղծել հրադադարի մասին համաձայնությունն իրականացնելու շուրջ վերահսկողության հանձնաժողով:
2011 թվականին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին տապալելուց եւ սպանելուց հետո երկիրը դադարել է գործառնել որպես միասնական պետություն: Այժմ երկրում տիրում է երկիշխանությունը: Լիբիայի արեւելքում իշխում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ղեկավարում է ՄԱԿ-ի եւ Եվրամիության աջակցությամբ ձեւավորված Ազգային համաձայնության կառավարությունը: