Իրանի ԱԳ նախարարը խորհուրդ է տվել Թրամփին հիմնվել փաստերի, ոչ թե ԶԼՄ-ների վերնագրերի վրա
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը խորհուրդ է տվել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին արտաքին քաղաքականությունը կառուցելիս հիմնվել փաստերի, ոչ թե ԶԼՄ-ների վերնագրերի վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ավելի վաղ Թրամփը, հղում կատարելով Fox News հեռուստաալիքին, թվիթերում գրել էր անգելերեն եւ փարսերեն, որ «Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, սակայն պատժամիջոցները չեղարկելու պայմանով»: «Ոչ, շնորհակալություն»,-նշել է Ամերիկայի առաջնորդը:
«Դոնալդ Թրամփն արտաքին քաղաքականության շրջանակում իր մեկնաբանություններում եւ որոշումներում պետք է հիմնվի փաստերի, ոչ թե Fox News-ի վերնագրերի եւ փարսերենից թարգմանության վրա»,-գրել է Զարիֆը թվիթերյան իր էջում:
Նախարարը նաեւ կցել է Spiegel-ին տված իր հարցազրույցից հատված, որում ի սկզբանե քննարկել էր իր հայացքներն ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունների մասին: Զարիֆը նշել է, որ տեքստը ներկայացված է Թրամփի համար հասանելի անգլերենով:
Հարցազրույցում Զարիֆը հայտարարել է, որ «չի բացառում բանակցությունները վարելու հավանականությունն» ԱՄՆ-ի հետ անգամ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո, եթե Վաշինգտոնը փոխի ուղղությունն ու չեղարկի Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները՝ ընդգծելով, որ Իրանը դեռեւս գտնվում է բանակցությունների սեղանի շուրջ, իսկ ԱՄՆ-ը լքել է այն: