ԵԽԽՎ պատվիրակությունը հանդես է եկել Ադրբեջանի իրավիճակի քննադատությամբ
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, որը հունվարի 22-23-ը Բաքու էր այցելել փետրվարի 9-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախընտրական կլիման գնահատելու նպատակով, հանդես է եկել եզրակացությամբ:
Տարբեր զրուցակիցների հետ քննարկումներից հետո, ինչպես հայտնում է www.contact.az-ը, ԵԽԽՎ պատվիրակությունն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ մնացած ժամակահատվածում մեծ թվով հնարավորություններ կան իրավիճակը բարելավելու եւ խնդիրների գոնե մի մասը լուծելու համար:
Մի քանի շահագրգիռ կողմեր լուրջ մտահոգություն են հայտնել հիմնական իրավունքների պահպանման, հատկապես կարծիքի արտահայտման եւ հավաքների ազատության առումով: Ընդդիմադիր կուսակցությունները հայտնել են, որ որոշել են ընտրությունները բոյկոտել սահմանափակող պայմանների պատճառով:
«Ինչ վերաբերում է թեկնածուների գրանցմանը եւ ընտրություններին նրանց մասնակցությանը, ապա պատվիրակությունը խոր ափսոսանք է հայտնում այն պատճառով, որ մի քանի քաղաքական առաջնորդների ընտրություններին մասնակցելու հնարավորություն չեն տվել չչեղարկված քրեական գործերի պատճառով, չնայած ՄԻԵԴ որոշումներին: Այսպես՝ 2019 թվականի սեպտեմբերին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն Ադրբեջանից պահանջել էր «անմիջապես վերացնել Իլգար Մամեդովի դեմ առաջադրված քրեական մեղադրանքների բոլոր մնացած հետեւանքները»: ԵԽԽՎ պատվիրակությունը կարծում է, որ Ադրբեջանի կողմից Ստրասբուրգի դատարանի որոշումների չկատարումը կասկածի տակ է դնում երկրի քաղաքացիների՝ ընտրություններին արդյունավետորեն մասնակցելու սահմանադրական իրավունքը»,- նշված է զեկույցում:
Պատվիրակությունն ի գիտություն է ընդունել շատ զրուցակիցների արտահայտած եւ Վենետիկի հանձնաժողովի կողմից աջակցություն ստացած կասկածները ընտրական հանձնաժողովների անկախության վերաբերյալ:
«ԵԽԽՎ ընտրություններին հետեւող առաքելությունները քանիցս պնդել են Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականները կատարելու անհրաժեշտությունը, որպեսզի օրենսդրությունը համապատասխանեցնեն միջազգային ստանդարտներին»,- նշված է զեկույցում:
Չնայած հիմնական ազատությունների սահմանադրական երաշխիքներին, կառավարության քննադատները պարբերաբար հետապնդվում են:
Չի պահպանվում նաեւ հավաքների ազատությունը, իսկ հոկտեմբերի 19-ի վերջին հանրահավաքը ցրվել է ֆիզիկական ուժի կոպիտ կիրառմամբ:
«ԵԽԽՎ-ն կարծում է, որ պետք է ընդունվեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները նախընտրական քարոզարշավի ժամանակ բոլոր մասնակիցների համար հավաքների եւ կարծիքի արտահայտման ազատությունն ապահովելու նպատակով»,- նշված է զեկույցում:
Ինչ վերաբերում է ընտրարշավների ֆինանսավորմանը, ապա ԵԽԽՎ պատվիրակությունը հիշեցնում է, որ Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմնի հանձնարարականները հաշվի չեն առնվել:
Չեն ապահովվում կարծիքի արտահայտման ազատությունը եւ լրատվամիջոցների ազատությունը, ինչպես նաեւ տեղեկության հասանելիության իրավունքը: Զրպարտությունը շարունակում է համարվել քրեական հանցագոծություն, որը կիրառվում է առցանց կոնտենտների դեմ՝ մինչեւ 2 տարի բանտարկությամբ:
Կապի նախարարությունը 2017 թվականից լրատվամիջոցներն արգելափակում է առանց դատարանի որոշման: Այս պահին արգելափակված են մի շարք լրատվական կայքեր, առցանց ակտիվիստները ավելի հաճախ են ենթարկվում ձերբակալության եւ ահաբեկման:
ԵԽԽՎ պատվիրակության կազմում են եղել՝ Ալֆրեդ Հեերը (Շվեյցարիա), պատվիրակության ղեկավար Ռայվո Թամը (Էստոնիա), Գեորգիոս Կատրոուգկալոսը (Հունաստան), Շտեֆան Շեննախը (Ավստրիա):