Աճեմօղլուն կոչ է անում կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել մրցակիցներին հետապնդելու միջոցի. «Այդ վտանգը ՀՀ-ում կա»
Transparency International-ը հրապարակել է իր ավանդական զեկույցը, ուր անդրադարձել է նաեւ Հայաստանում կոռուպցիայի հետ կապված վիճակին: Հայաստանում հակակոռուպցիոն դրսեւորումները մեկնաբանել է նաեւ հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Հայաստանը թավշյա հեղափոխությունից եւ նոր խորհրդարանի ձեւավորումից հետո ցուցադրել է խոստումնալից առաջընթաց հակակոռուպցիոն բարեփոխումների ասպարեզում, նշված է Transparency International կազմակերպության այս տարվա զեկույցում: Անցյալ տարվա հետ համեմատած երկիրը առաջադիմել է 7 կետով:
Կազմակերպությունը Հայաստանը Կոսովոյի հետ միասին դասել է այն երկրների շարքին, որոնց զարգացումներին անհրաժեշտ է ուշադրությամբ հետեւել հաջորդ տարում: Դրա հետ մեկտեղ, զեկույցը շեշտում է, որ չնայած վերոհիշյալ բարելավումներին, կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում առերեսվում է մի շարք խոչընդոտների, մասնավորապես շահերի բախման եւ ոչ թափանցիկ հանրային գործունեության, որոնք խանգարում են կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը:
Զեկույցն ընդգծում է՝ պետական համակարգում իշխանությունների տարանջատման սկզբունքի ապահովման եւ հակակոռուպցիոն արդյունավետ քաղաքականության իրականացման համար առաջնահերթ խնդիրներից է հանրային վստահության բարձրացումը իրավապահ կառույցների եւ դատական համակարգի հանդեպ:
Կարեւորելով Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացումն ու այդ ուղղությամբ իշխանությոնների քաղաքական կամքը՝ իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում անհապաղ ջանքեր գործադրել երկրում քաղաքական նոր ենթամշակույթի եւ պետական կառավարման համակարգի ձեւավորման համար:
Իր հերթին հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում կոչ է անում կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի: Այդ առումով հատկանշական է Չինաստանի օրինակը, որն ըստ տնտեսագետի, հեռու է արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականություն կոչվելուց: Այստեղ վերահսկելի դատարանների պարագայում, իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարը հռչակել են առաջնահերթույուն, սակայն իրականում ուղղել այն քաղաքական հակառակորդների դեմ:
Տնտեսասգետը վստահ է՝ հակակոռուպցիոն քաղաքականության այս ձեւը, որը նա կոչում է «սիծինպինյան», բացասաբար է ազդում պետական կառավարման համակարգի ու կոռուպցիայի դեմ պայքարի վրա:
«Եթե որեւէ ազդեցիկ առաջնորդ կամ խմբակցություն վերահսկում է պետական մարմինները եւ հետապնդում իր հակառակոդներին, ապա դա թուլացնում է այդ մարմինները»,- նշում է Աճեմօղլուն:
Հայաստանում ի սկզբանե առկա էր վտանգ, որ երկիրը կառաջնորդվեր այդ արատավոր ուղով, նշում է տնտեսագետը: Նրա կարծիքով այդ վտանգը դեռեւս պահպանվում է: