2019-ին Հայաստանի երիտասարդության 41 տոկոսը աշխատանքի շուկայում պասիվ է եղել. Անդրեա Վիկտորին
2019 թվականի տվյալներով՝ Հայաստանի երիտասարդության 41 տոկոսն աշխատանքի շուկայում պասիվ է եղել, ընդ որում՝ նրանց կեսը բարձրագույն կրթություն ունի։ Այս մասին «ԵՄ-ը հանուն երիտասարդության. ապագայի հմտություններ» տարածաշրջանային ծրագրի եզրափակիչ միջոցառման ժամանակ հունվարի 24-ին ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։
Նրա խոսքով՝ այդ խնդիրը բնորոշ է ոչ միայն հայ իրականությանը, բայց Հայաստանում երիտասարդությունը, կարողություններ ունենալով, հաճախ չի կարողանում իրականացնել իր ծրագրերը ֆինանսական դժվարությունների պատճառով։ «Բացի այդ, նկատվում է անհամապատասխանություն գիտելիքների, որոնք տալիս են բուհերը, եւ աշխատանքի շուկայի պահանջների միջեւ։ Մասնագիտություն ընտրելիս քիչ դեր կարող է չունենալ նաեւ ընտանիքի եւ հասարակության ճնշումը։ Այս ամենը ռիսկեր է ստեղծում, որ երիտասարդության որոշ մասը կտրվի հասարակական կյանքից»,- ընդգծել է Վիկտորինը։ Նա նկատել է, որ Հայաստանում երիտասարդից պահանջվում է ջանքերի եւ աշխատանքի 20 տարի, որպեսզի դառնա ֆինանսապես նույնքան կայուն, որքան նրա հասակակիցը Եվրոպայում։ «Սրա հետ էլ կապված է ԵՄ ձգտումը՝ ծրագրի իրականացումը հասցնել տրամաբանական ավարտի եւ հնարավորություն տալ ավելի քան 320 հայ երիտասարդի ձեռք բերել նոր հմտություններ, որոնք կօգնեն նրանց մասնագիտություն ընտրելիս։ Մենք կարեւորում ենք հավասար հնարավորությունների ձեւավորումը երիտասարդների պոտենցիալի իրականացման համար, որոնք, իրենց հերթին, կարող են ձեռք բերած հմտությունները կիսել հասակակիցների հետ»,- ավելացրել է ԵՄ պատվիրակության ղեկավարը։