ԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին բժշկական կրթության զարգացման ոլորտում. Անդրեա Վիկտորին
Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին բժշկական կրթության զարգացման ոլոտում։ Այս մասին HORIZON 2020 Twinning ծրագրում Հայաստանի հաղթանակին նվիրված գիտաժողովի շրջանակում հունվարի 24-ին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։
Նա ավելացրեց, որ գիտությունը աշխատատեղերի եւ կենսամակարդակի բարձրացման խնդրի լուծման գլխավոր բաղադրիչն է, եւ տնտեսական աճը Հայաստանում ու Եվրոպայում հնարավոր է միայն գիտելիը գործնական հարթությանն ինտեգրելու դեպքում։ «Այս հարցում ԵՄ եւ Հայաստանի նպատակները համընկնում են, ուստի մենք կշարունակենք աջակցել ՀՀ կառավարության ջանքերին գիտության եւ կրթության բարեփոխումների ճանապարհին»,- նշեց Անդրեա Վիկտորինը։
Նրա խոսքով՝ HORIZON ծրագրին Հայաստանի միանալը երկրի առջեւ լուրջ գիտական հնարավորություններ է բացել, որոնք կարելի է իրականացնել ԵՊԲՀ-ի եւ եվրոպական բուհերի համագործակցությամբ։
Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտին Հայաստանն առաջին անգամ ճանաչվեց HORIZON 2020 Twinning ծրագրի հաղթող՝ ներկայացված լինելով Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանով։ «COBRAIN: Armenia Center for Translational Research on Chronic Neurodegenerative Disorders. A Neuroscience Initiative on Maintaining Healthy Brain Ageing» ծրագիրը դարձավ հաղթող՝ ստանալով հնարավոր առավելագույն 96,6 տոկոս միավոր։ Նախագիծը հիմք կհանդիսանա Ուղեղի ուսումնասիրման կենտրոնի նախաձեռնության եւ Հայաստանում Ուղեղի ուսումնասիրման կենտրոնի համապատասխան ենթակառուցվածքի ձեւավորման համար։