Ադրբեջանը միշտ էլ չեղած տեղից ստել է. քաղաքագետը՝ հայաստանյան քաղաքացիական շարժումների մասին
«Գծատերերի մեքենաները փոխզննում չեն անցնում, ժողովրդին տեղափոխում են, ինչպես` տառեխի, ինչի համար հարկ չեն վճարում: Իշխանությունները գործարքի մեջ են նրանց հետ, չաղանում են»,-Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նրա խոսքով՝ երկրում տիրող անարդարությունը, սոցիալ-տնտեսական ծանր վիճակը նպաստում են արտագաղթին: Ըստ Շիրինյանի՝ քաղաքական գործիչները պիտի մտահոգվեն արտագաղթով, որը ևս ընդվզման ձև է:
Ըստ նրա՝ աշնանը քաղաքացիական շարժումն ավելի է սրվելու, որովհետև ի դերև են գալու ջեռուցման թանկացման, սննդի թանկացման, ուսման վարձերի թանկացման և այլ խնդիրներ:
«ՀՀ Ազգային ժողովը պիտի մի կողմ դնի կոմերցիոն շահը և արտահերթ նիստ հրավիրի, որը կզբաղվի ժողովրդի կենսամակարդակի, նվազագույն կենսաաթոշակի ապահովմամբ»,-ասաց քաղաքագետը:
Հարցին, թե արդյո՞ք վերջին շրջանում ընթացող քաղաքացիական շարժումները կարող են վարկաբեկող նշանակություն ունենալ մեր երկրի համար, քաղաքագետը պատասխանեց. «Հետամնաց երկրների, օրինակ՝ Հյուսիսային Կորեայի համար Հայաստանը աչքի փուշ է: Արևմուտքի դեմոկրատական երկրների, միացյալ նահանգների համար քաղաքացիական շարժումը չափազանց գնահատելի է: Սա հասարակության կայացման չափորոշիչ է: Քաղաքական կառույցները պիտի աջակցեն, ոչ թե հայտնվեն ու անհետանան: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նա միշտ էլ չեղած տեղից ստել է: Այն, որ բողոքի ակցիաները, դրանց վերաբերող տեսանյութերը կներկայացնեն վատ ֆոնի ներքո, չի նշանակում, որ օտար երկրները պիտի դրանց նշանակություն տան»: