Հայոց ցեղասպանության զոհերի եւ այն վերապրածների տվյալների բազայի ստեղծումը կարեւոր նշանակություն ունի. թանգարան-ինստիտուտի տնօրեն
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կարեւոր է համարում զոհերի եւ Ցեղասպանությունը վերապրած մարդկանց տվյալների բազայի, հուշագրությունների տվյալների բազայի եւ բազայի տեսանյութերի ստեղծումը: Այս նպատակների իրականացման համար ինստիտուտը ֆինանսավորման աղբյուր է փնտրում: Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
2019 թվականի աշխատանքների արդյունքներն ամփոփելով՝ նա գոհունակությամբ նշեց, որ հաջողվել է հրապարակել 2018 եւ 2019 թվականների «Ցեղասպանության հետազոտությունների ամսագրի» երկու հերթական համարները, վերականգվել է անգլիալեզու «Internatioanal Journal of Armenian Genocide Studies» ամսագրի թողարկումը, կազմակերպվել են բազմաթիվ համաժողովներ, հետազոտվել են ֆոնդերում պահվող 35 չհրապարակված հուշագրություններ:
«Դրանից բացի, կազմակերպվել է 19 մեթոդական սեմինար՝ օտարերկրյա եւ հայ մասնագետների մասնակցությամբ, վերականգնվել է Ռաֆայել Լեմկինի կրթաթոշակի տրամադրումը, կազմակերպվել են բազմաթիվ ցուցահանդեսներ: Դրանից բացի, գիտական ֆոնդերը համալրվել են 1886 միավոր նմուշներով, գիտական գրադարանը՝ 384 միավոր, թվայնացվել է 1156 լուսանկար: Միջազգային համագործակցության ոլորտում անցկացվել են համատեղ աշխատանքներ, այդ թվում՝ Camp des Milles հիմնադրամի, Յոհաննես Լեփսիուսի տուն-արխիվի, Կանադայի Մարդու իրավունքների թանգարանի, Լեհաստանում Պիլկեի ինստիտուտի հետ»,- հավելեց Հարություն Մարությանը:
Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի ֆոնդերի վարիչ Գոհար Խանումյանը հայտնեց, որ այս տարվա ապրիլին կազմակերպվելու են համաժողով եւ ցուցահանդես՝ նվիրված Կիլիկիայում հայերի ինքնապաշտպանության 100-ամյակին: