Այս տարի կընդունվեն Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման միայն նախնական միջոցառումներ
Այս տարի քաղաքի իշխանությունները կընդունեն Երեւանի տրանսպորտային համակարգի բարեփոխման նախնական միջոցառումներ: Այս մասին հունվարի 23-ին Երեւանի բնապահպանական խնդիրները թեմայով քննարկման ժամանակ ասաց մայրաքաղաքի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը:
Նրա խոսքով՝ Երեւանի օդի աղտոտման գլխավոր պատճառներն են շարունակում մնալ ավտոմեքենաների մեծ թվի առկայությունը, ձեռնարկությունների գործունեությունը եւ կանաչապատման խնդիրը: «Քաղաքի իշխանությունների առջեւ այս փուլում դրված է երկու խնդիր, որոնք շտապ լուծման կարիք ունեն: Առաջին՝ տրանսպորտային համակարգի բարեփոխումը, եւ այս հարցով 2020 թվականին ընդունվելու են նախնական միջոցառումներ: Երկրորդ՝ կանաչապատման խնդրի լուծման նոր մոտեցումները, որոնք կիրառվելու են վերջերս ստեղծված ՊՈԱԿ-ի միջոցով: Եթե նախկինում քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանում դրանով զբաղվում էին 12 տարբեր ընկերություններ, ապա հիմա այդ աշխատանքներն անցկացվելու են համակարգված եւ ավելի բարձր մակարդակով»,- հավաստիացրեց նա:
Խաչունցը նաեւ հավաստիացրեց, որ նոր իշխանությունների օրոք լիովին բացառված է անօրինական շինարարական թույլտվություններ տալը: «Ինչ վերաբերում է նախկին իշխանությունների օրոք մասնավորին ապօրինի տրված հողերի վերադարձին, ապա սա իրավական տեսակետից անչափ բարդ հարց է, քանի որ խոսքը վերաբերում է մասնավոր սեփականությանը»,- ամփոփեց նա:
Նշենք, որ մայրաքաղաքի ընտրություններում «Իմ քայլի» հաղթանակից գրեթե 1,5 տարի հետո չի կատարվել իշխող ուժի ոչ մի նախընտրական խոստում, իսկ Երեւանի տրանսպորտի վիճակը միայն վատթարանում է: