Կիպրոսը մեղադրել է Թուրքիային տվյալների հափշտակման մեջ անօրինական հորատման համար
Թուրքիան, գուցե, հափշտակել է տեխնիկական տվյալները, որոնք թույլ են տվել նրան հորատանավ ուղարկել Կիպրոսի հարավում գտնվող որոշակի վայր։ Այս մասին ասել է կառավարության ներկայացուցիչ Կիրիակոս Կոուշոսը, տեղեկացնում է AP-ը։
Նրա խոսքով՝ թեեւ Կիպրոսի իշխանությունները հստակ ապացույցներ չունեն, ենթադրվում է, որ Թուրքիան ստացել է տվյալներ, որոնք օգնել են նավ ուղարկել դեպի կոնկրետ թիրախը։ Խոսքը այն շրջանի մասին է, որտեղ իտալական Eni ընկերությունը եւ ֆրանսիական Total-ը ստացել են արտոնագիր Կիպրոսի կառավարությունից՝ ածխաջրածիններ որոնելու համար։ Ընկերություններն ունեն հետախուզական հորատում անցկացնելու արտոնագիր Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու 13 շրջաններից 7-ի համար։
«Տեղեկություն կա, որ նրանք (թուրքերը) հափշտակել են որոշակի ընկերության պլաններն ու հետազոտությունները»,- ասել է Կոուշոսը՝ ավելացնելով, որ չի կարծում, թե այդ տվյալները հանձնվել են Թուրքիային Eni-ի կամ Total-ի ներկայացուցիչների կողմից։
Կոուշոսը կրկնել է, որ Թուրքիան շարունակում է ոտնահարել միջազգային իրավունքը՝ իրականացնելով անօրինական հորատում կիպրոսյան ջրերում։ «Ցավոք, Թուրքիան ծովահեն պետություն է դարձել Արեւելյան Միջերկրածովում»,- ասել է նա։
Կոուշոսը հերքել է Թուրքիայի պնդումն այն մասին, որ նա գաղտնի բանակցություններ է վարում Eni-ի հետ այդ շրջանում ածխաջրածինների որոնման մասին։
Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսն ավելի վաղ ասել էր, որ Եվրամիությունը շարժվում է առանձին անձանց կամ ընկերությունների դեմ պատժամիջոցներ մտցնելն արագացնելու ուղղությամբ, որոնք մասնակից են Կիպրոսի մոտ անօրինական հորատմանը։