Կոմիտաս 5-ի շինարարական տեխնիկան փչացել է
«Երեկ Կոմիտաս 5 հասցեում վերսկսել են շինարարական աշխատանքները։ Մեր այցելության պահին մի քանի երիտասարդներ փորում էին շինհրապարակի մի հատվածը և տարածքից հեռացնում խոշոր քարերը։ Իսկ ահա տեխնիկան չէր գործում։ Մեր հարցին, թե ինչու հատուկ տեխնիկան ցործի չի դրվում, շինարարներից մեկն ասաց, որ տեխնիկայի հետ լուրջ խնդիրներ են առաջացել։ «Գիշերը ինչ-որ մարդիկ էքսկավատորի սալյարկայի մեջ ավազ են լցրել, ու հիմա մեքենան խոդի չի ընկնում։ Բացի այդ էլ, քարեր ջարդելու մեր տեխնիկան էլ է փչացել, դրա խողովակներն են կտրվել։ Մարդ ենք ուղարկել, որ գնան մասնագետի բերեն, բայց դեռ նորություն չկա»,– երեկ մեր հարցերին ի պատասխան ասաց շինարարներից մեկը և նշեց, որ հայտնի չէ, թե երբ տեխնիկայի խնդիրները կկարգավորվեն, երբ այն գործի կդրվի, նշեց, սակայն, որ ամեն ինչ կարվի, որ տեխնիկան առաջիկա օրերին գործի։
Մեզ հետ զրույցում բնակչուհիներից մեկը Աննան, պատմեց նաև, որ արդեն մի քանի օր է, ինչ շինհրապարակի մեծ քարերի վրա շինարարները քիմիական հատուկ նյութեր են լցրել, որ քարերը հեշտ կոտրվեն։ «Մենք շինարարներից այդ քիմիական նյութերի լիցենզիան ենք պահանջել, որ մեզ ցույց տան, ու մենք համոզվենք, որ այդ քիմիան մեր ու մեր երեխաների առողջության համար անվտանգ է։ Դեռ չգիտենք, թե ինչքանով է այն անվտանգ կամ վտանգավոր, բայց գիտենք, որ այդ զզվելի նյութերի հոտից մենք արդեն խեղդվում ենք»,– ասաց Աննան՝ նշելով, որ իրենց պահանջած լիցենզիան դեռևս որևէ մեկը բնակիչներին ցույց չի տվել։ Ավելի ուշ մերձակա շենքերի տարեց բնակչուհիները մոտեցան շինհրապարակի մուտքին և շինարարներից պահանջեցին քիմիական նյութեր այլևս չօգտագործել, ասացին, որ այդ հոտին այլևս հնարավոր չէ դիմանալ։ Շինարարները, սակայն, ոչինչ չպատասխանեցին»,–գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը։
Առավել մանրամասն «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: