Թուրքիան ռազմածովային զորավարժություններ է անցկացնում Իտալիայի, Գերմանիայի եւ Հունաստանի հետ
Միջերկրական ծովի արեւելյան հատվածում ՆԱՏՕ-ի Երկրորդ մշտական ռազմածովային խմբի կազմում Թուրքիան Իտալիայի, Գերմանիայի եւ Հունաստանի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնում, հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ՆԱՏՕ-ի Երկրորդ մշտական ռազմածովային խմբի (SNMG-2) զորավարժություններին ներգրավված են Orucreis եւ Salihreis թուրքական ֆրեգատները, Carabiniere իտալական ֆրեգատը, Hamburg գերմանական ֆրեգատը եւ Limnos հունական ֆրեգատը: Նավերի անձնակազմերը կատարում են համատեղ տակտիկական մանեւրում եւ հունվարի 24-26-ը կժամանեն Մերսին նավահանգիստ»,- հայտնել է թուրքական ռազմական գերատեսչությունը:
Նշվում է, որ ՆԱՏՕ-ի Երկրորդ մշտական ռազմածովային խմբի մյուս անդամ 29 երկրների թվում Թուրքիան իր նշանակությամբ երկրորդ երկիրն է, կարեւոր դերակատարում ունի ՆԱՏՕ-ի «Ծովային պահապան» գործողության անցկացման մեջ, ինչպես նաեւ դաշնակից երկրների նավատորմերին ապահովում է օժանդակություն եւ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում Աքսազ ու Մերսին նավահանգիստներին հասանելիություն: