ՏՏ ոլորտը ամենապահանջվածն ու բարձր վճարվողն է Հայաստանում
Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մնում է ամենապահանջվածն ու բարձր վճարվողը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 21-ին ասաց աշխատանքի շուկայի հետազոտության գծով փորձագետ Լուիզա Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ 2019 թվականին, 2018-ի ցուցանիշների համեմատ, գրանցվել է նոր հայտարարությունների տրման 250 տոկոս աճ, եւ զգալի մասը բաժին է ընկնում ՏՏ ոլորտին։ «2018 թվականին մեր պլատֆորմում գրանցվել է 5000 հայտարարություն, իսկ 2019-ին այդ թվաքանակն ավելացել է մինչեւ 12500, եւ դրա 42 տոկոսը բաժին է ընկնում բարձր տեխնոլոգիաների ոլորտին։ 15 տարվա աշխատանքային փորձ ունեցող նման մասնագետների միջին աշխատավարձը կազմում է 1,5 մլն դրամ»,- նշել է նա։
Փորձագետն ընդգծել է, որ, իր տվյալներով, կրթության ոլորտը մնում է ամենացածր վարձատրվողը։ «Ինչ վերաբերում է բանկային գործին, ապա ակտիվություն այս ոլորտում կա, այդ թվում մարզերում, բայց նրանց բաժինը աշխատանքի շուկայում մեծ չէ»,- ավելացրել է փորձագետը։
Ավետիսյանն ընդգծել է, որ աշխատանքի շուկայի տեսակետից ամենաակտիվը մնում են Աբովյան (արտադրական պոտենցիալից ելնելով), Աշտարակ, Գյումրի, Արմավիր քաղաքները, սակայն մարզերի ակտիվությունը հայտարարություններ տալու մասով ցածր է՝ 12500-ի ընդամենը 7,5 տոկոսը։ «Ակտիվ գործատուներից է նաեւ կառավարությունը՝ հանձին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության»,- նշել է Լուիզա Ավետիսյանը՝ ավելացնելով, որ Հայաստանում աշխատանք են փնտրում հիմնականում ինտերնետում եւ սոցիալական ցանցերում։