Արագածոտնի մարզում վագոն-տնակ է այրվել. 9 հոգանոց ընտանիքն անօթեւան է մնացել (Տեսանյութ)
Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում այսօր` հունվարի 20-ին, բազմանադամ ընտանիքի վագոն-տնակ է այրվել: NEWS.am-ի հետ զրույցում ընտանիքի քավորը` Արմեն Սարգսյանը, պատմեց, որ հրդեհի ժամանակ տանը միայն երեխաներն ու կանայք են եղել, որոնք, բարեբախտաբար, կարողացել են այրվող տնակից դուրս գալ, սակայն տնակից ոչինչ փրկել չի հաջողվել:
«9 հոգանոց բազմանդամ ընտանիքը անօթեւան է մնացել, հիմա մի մասը մեր տանն են, մի մասը բարեկամների, բայց իրենց օգնություն է անհրաժեշտ, քանի որ ամեն ինչ այրվել է, նույնիսկ հագուստ չեն կարողացել դուրս բերել»,-ասաց նա նշելով, որ ընտանիքում երկու անչափահաս երեխա կա` 6 եւ 2 տարեկան:
Արմեն Սարգսյանի խոսքով` ընտանիքը գտնվում է սոցիալապես ծանր վիճակում, ընտանիքի չափահաս անդամները տարբեր բնույթի աշատանքներով են ընտանիքի հոգսերը հոգացել:
«Նրանք էդ վագոններ մոտ կիսակառույց տուն ունեն եւ կուզեմ դիմեմ բոլորին, որ գոնե օգնեն էդ տունը կառուցեն, ապրեն: Ընտանիքի անունից դիմում եմ բոլորին խնդրանքով` օգնեք ոտքի կանգնի այդ ընտանիքը»,-ասաց նա:
Նշենք, որ ԱԻն-ից էլ հայտնում են, որ հունվարի 20-ին, ժամը 13:34-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում՝ արագաչափի մոտակայքում, այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:44-ին, մարվել` 18:57-ին: Այրվել է 8-րդ փողոցի թիվ 3 հասցեում գտնվող բնակելի երկու մետաղական տնակ (մոտ 50 քմ):
Ընտանիքի հետ կարող եք կապվել հետեւյալ հեռախոսհամարով` 094 16 00 73