Թուրքիան վերածվում է ծովահենային պետության. Կիպրոս
Թուրքիան վերածվում է ծովահենային պետության, հայտարարել է Կիպրոսի նախագահն այն բանից հետո, երբ Թուրքիան հայտնել է Կիպրոսի ջրեր նոր հորատող նավ ուղարկելու ծրագրերի մասին, փոխանցում է Cyprus Mail-ը:
«Արեւելյան Միջերկրական ծովում Թուրքիան վերածվում է ծովահենային պետության: Չնայած էներգետիկ փոխգործակցությանը, որը ստեղծվել էր տարածաշրջանում, Թուրքիան պնդում է միջազգային անօրինության ուղու մասին»,- նշված է Կիպրոսի նախագահի հայտարարության մեջ:
Կիպրոսը եւ Հունաստանը վիճարկում են տարածաշրջանում Թուրքիայի հավակնությունները: Թուրքիան պնդում է, որ միջազգայնորեն ճանաչված Կիպրոսի կառավարության՝ գազի հետախուզում անցկացնելու փորձերը թուրք կիպրոսցիների իրավունքների խախտում են:
Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզն ավելի վաղ հայտարարել էր, որ Yavuz հորատման կայանքը տեղակայվելու է Կիպրոսում հորատման աշխատանքներ կատարելու համար:
Եվրահանձնաժողովում արտասահմանյան գործերով ներկայացուցիչ Պիտեր Ստանոն նույնպես դատապարտել է Թուրքիայի ծրագրերը՝ հայտարարելով, որ այս քայլը խախտել է երկխոսության պայմանները: «Բարեխիղճ միջավայրի ստեղծման կոնկրետ քայլեր են անհրաժեշտ, որ կնպաստեն երկխոսությանը: Ավելի ընդարձակ տարածաշրջանում հետախուզական եւ հորատման աշխատանքներ սկսելու Թուրքիայի մտադրությունը, ցավոք, ընթանում է հակառակ ուղղությամբ»,- ասել է Ստանոն: