Պուտինը Պետդումա է ներկայացրել ՌԴ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետական դումա է ներկայացրել ՌԴ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ օրինագծի քննարկման ժամանակ նախագահի ներկայացուցիչներն են լինելու սահմանադրական հանձնաժողովի համանախագահներ Անդրեյ Կլիշասը, Պավել Կրաշենինիկովը եւ Տալիա Խաբրիեւան:
Հունվարի 15-ին Պուտինը հրաման էր ստորագրել Սահմանադրության մեջ փոփոխությունների նախապատրաստման աշխատանքային խումբ ստեղծելու մասին եւ հաստատել դրա մասնակիցների կազմը: Խմբի մեջ մտել են 75 քաղաքական գործիչներ, օրենսդիրներ, գիտնականներ եւ հասարակական գործիչներ, իսկ համանախագահներ են դարձել Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության եւ պետական շինարարության հարցերով կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասը, Պետական դումայի պետական շինարարության եւ օրենսդրության հարցերով կոմիտեի ղեկավար Պավել Կրաշենինիկովը, ինչպես նաեւ ՌԴ կառավարությանն առընթեր Օրենսդրության եւ համեմատական իրավագիտության ինստիտուտի տնօրեն Տալիա Խաբրիեւան:
Հունվարի 15-ին երկրի նախագահը Դաշնային ժողովին հղած ուղերձում առաջարկել էր Սահմանադրության մի շարք փոփոխություններ կատարել, այդ թվում Պետական դումային վստահել վարչապետի, փոխվարչապետների եւ դաշնային նախարարների թեկնածուների հաստատման իրավունքը: Նախագահը նաեւ առաջարկել էր ուժային գերատեսչությունների ղեկավարներին նշանակել Դաշնության խորհրդի հետ խորհրդակցությունների արդյունքներով: Դրանից բացի, Պուտինը հայտարարել էր ռուսական իկրավական տարածքում միջազգային պայմանագրերի դիմաց հիմնական օրենքի գերակայությունն ամրապնդելու անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ սահմանադրության մեջ ամրագրել մի շարք սոցիալական երաշխիքներ:
Պուտինն առաջարկել էր Սահմանադրության մեջ փոփոխությունների փաթեթը քվեարկության դնել: