Թեհրանն առաջվա պես հավատարիմ է միջուկային գործարքին եւ չի ընդունում Եվրոպայի դժգոհությունները. Իրանի ԱԳՆ
Թեհրանը հավատարիմ է մնում միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) եւ անհիմն է համարում «եվրաեռյակի» (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) դժգոհություններն իրանական կողմից։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Եվրոպացիների վերջին քայլում իրավաբանական հիմնավորում չկա»,- ասաց նա։- Իրանը հավատարիմ է մնում միջուկային գործարքին»։
Նա նաեւ ավելացրել է, որ «Թեհրանի համար ԳՀՀԾ շրջանակում կարեւոր են համարվում հակառակ կողմի իրական գործողությունները, ոչ թե մտադրությունների հայտարարումը»։
Հունվարի 14-ին Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարները հայտարարեցին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԳՀՀԾ իրականացման շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման մասին։ Դրա համար, եվրոպացիների կարծիքով, հիմնավորում է համարվում Իրանի կողմից իր պարտավորությունների չկատարումը։