Չինաստանի հետ առանց վիզայի ռեժիմը կարող է դառնալ չինացի զբոսաշրջիկների շրջանում Հայաստանի իմիջի բարձրացման նախապայման
Չինաստանի հետ առանց վիզայի ռեժիմը սոցիալ-տնտեսական, մշակութային եւ քաղաքական նշանակություն ունի ու կարող է դառնալ չինացի զբոսաշրջիկների շրջանում Հայաստանի իմիջի բարձրացման նախապայման: Այս մասին հունվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը՝ հավելելով, որ ուղիղ ավիաչվերթների առկայությունը, սպասարկման մակարդակի բարձրացումը, պետական մոտեցման կիրառումը կարող են զգալիորեն մեծացնել զբոսաշրջային հոսքը:
Նրա խոսքով՝ սա կարող է հետագայում հանգեցնել նաեւ Հայաստանի տնտեսության մեջ չինական ներդրումների աճին: «Առանց վիզայի ռեժիմի ներդրումը առաջին հերթին պետությունների եւ ժողովուրդների միջեւ հարաբերությունների բարձր մակարդակի ցուցադրում է»,- նշեց նա:
Ապրեսյանը հավելեց, որ կարեւոր է նաեւ գիդերի պատրաստման եւ վերապատրաստման ծրագրերի իրականացումը: Չի կարելի մոռանալ նաեւ տուրիստական ոլորտի աշխատակիցների շրջանում չինարենի իմացության մակարդակի բարձրացման մասին: «Հայաստանը աշխարհի երկու երկրներից մեկն է, որտեղ իրականացվում է գիդերին չինարեն ուսուցանելու ծրագիր: Սա նույնպես մեծ նշանակություն ունի»,- շեշտեց ՀԿ ղեկավարը:
Գիդ Լուսինե Վարդանյանն իր հերթին նշեց, որ վերջին տարիներին նկատվում է չինացի զբոսաշրջիկների թվի աճ (2018 թվականի հունվարից հոկտեմբեր՝ ավելի քան 8400 մարդ, 2019-ի նույն ժամանակահատվածում՝ 14500 մարդ – խմբ.): «Նրանք նախընտրում են դասական տուրիզմը՝ պատմական վայրեր այցելություններով, ինչը կապված է տարիքային խմբի հետ: Հայաստան են այցելում են հիմնականում թոշակառուները, եւ նրանք ոչ միշտ են ի վիճակի զբաղվելու ակտիվ տուրիզմով»,- պարզաբանեց նա:
Նշենք, որ հունվարի 19-ին ուժի մեջ է մտել Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունների միջեւ «Սովորական անձնագորվ մարդկանց համար վիզային պահանջների փոխադարձ վերացման մասին» համաձայնագիրը: