Էրդողանը կոչ է արել միջազգային հանրությանը հակազդել Լիբիայում «արյան առեւտրով զբաղվողներին եւ քաոս առաջացնողներին»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել միջազգային հանրությանը պայքարել «արյան առեւտրով զբաղվողների եւ քաոս առաջացնողների» դեմ նախքան բեռլինյան գագաթնաժողովին մասնակցելը, որը նվիրված է Լիբիայում հակամարտության կարգավորմանը, հաղորդում է Associated Press-ը:
Ստամբուլի օդանավակայանում պատասխանելով լրագրողների հարցերին՝ Էրդողանը հայտարարել է, որ աշխարհը չի կարողացել ադեկվատ պատասխան տալ Լիբիայի ազգային բանակի գեներալ Խալիֆ Խաֆթարի «անխոհեմ հարձակումներին»:
«Կրկին հույսեր են առաջանում հրադադարի հետ կապված, եւ Բեռլինում գագաթնաժողովը չի կարելի զոհաբերել արյան առեւտրով զբաղվողների եւ քաոս առաջացնողների հավակնությունների համար», հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ այսօր Բեռլինում կկայանա Լիբիայի հարցով գագաթնաժողով ՄԱԿ-ի հովանու ներքո:
Ավելի վաղ գագաթնաժողովում իր մասնակցության մասին հայտարարել էր Լիբիայի միջազգայնորեն ճանաչված վարչապետ Ֆաիզ Սարաջը: Մինչդեռ Թուրքիան սկսել էր ուղարկել իր զորքերը Սարաջի կառավարությանը օգնելու նպատակով: Լիբիայում քաղաքացիական պատերազմը շարունակվում է 2011 թվականից, այն սկսվել է Մուամար Քադաֆիի ռեժիմը տապալելուց հետո: