Իսպանիայում միլիարդատիրոջը դատապարտել են 18 ամսվա ազատազրկման եւ 52 մլն եվրո տուգանքի Պիկասոյի կտավի պատճառով
Մադրիդի դատարանը դատապարտել է 83-ամյա միլիարդատեր եւ նախկին բանկիր Խայմե Բոտինին 18 ամսվա ազատազրկման եւ 52,4 մլն եվրո տուգանքի Պաբլո Պիկասոյի «Երիտասարդ կնոջ գլուխը» կտավը երկրի սահմաններից դուրս տանելու փորձի պատճառով։ Նա նպատակ ուներ վաճառել այն Լոնդոնի աճուրդում, տեղեկացնում է BBC-ն։
Կտավը հայտնաբերվել է Խայմե Բոտինի զբոսանավում, ֆրանսիական Կորսիկայի նավահանգստում, 2015 թվականին։
Բոտինին պատկանող կտավը մինչ այդ ճանաչվել էր Իսպանիայի ազգային սեփականություն, ուստի չի կարող թագավորության սահմաններից դուրս տարվել։
Դատարանը նաեւ որոշել է, որ կտավը պետք է առգրավվի եւ հանձնվի պետությանը։ Միլիարդատերը բողոքարկման իրավունք ունի։
Բոտինը հազիվ թե բանտ նստի, քանի որ Իսպանիայում երկու տարուց պակաս ստացած մեղադրյալները պատիժը կրում են պայմանական։ Բացի այդ, դատարանը նկատի է ունենում ամբաստանյալի տարիքը։
Բոտինին մեղադրանքներ ներկայացվել են 2017 թվականին։ Դատախազությունը պահանջեց նրան դատապարտել չորս տարվա բանտարկության եւ 100 մլն եվրո տուգանքի։
Համաձայն իսպանական օրենսդրության՝ արվեստի ցանկացած ստեղծագործություն, որն ավելի քան 100 տարեկան է եւ որը համարվում է կարեւոր երկրի պատմության ու մշակույթի տեսակետից, հայտարարվում է ազգային սեփականություն, անգամ եթե մասնավոր սեփականատիրոջ է պատկանում։
Եթե ստեղծագործության տերերը ցանկանում են այն արտասահման տանել, նրանք պետք է հատուկ թույլտվություն ստանան Իսպանիայի մշակույթի նախարարությունից։ Բոտինին, որը կտավը գնել էր Լոնդոնում 1977-ին, արդեն մերժել էին տալ այդ թույլտվությունը։
Դատարանում նա պնդում էր, որ 2015 թվականին փորձել էր կտավը տանել Ժնեւ՝ այնտեղ պահելու համար։ Մադրիդի դատարանն ընդգծել է, որ դեռեւս 2012-ին Լոնդոնի Christie's աճուրդների տունը նրան նախազգուշացրել էր իսպանական իշխանություններից Լոնդոնում կտավը վաճառելու թույլտվություն ստանալու մասին։
Չնայած դրան, ինչպես ասվել էր դատարանում, Բոտինը կտավը տարել էր Վալենսիայի նավահանգիստ եւ հրամայել իր զբոսանավի կապիտանին թաքցնել այն, որպեսզի իշխանությունները չգտնեն այն։
2015-ին զբոսանավը կանգ էր առել Կորսիկայում, որտեղ ֆրանսիացի մաքսավորները հայտնաբերել էին կտավը կապիտանի խցում։
Ներկայում կտավը, որը գնահատվում է 26 մլն եվրո, գտնվում է Մադրիդի Սոֆիա թագուհու Արվեստի կենտրոնում։
Խայմե Բոտինը Santander բանկի հիմնադրի թոռն է եւ եղել է բանկի փոխտնօրենը մինչեւ 2004 թվականը։
Նա որպես մեղադրյալ անցնում է մեկ այլ՝ միլիոն եվրո հարկերի վճարումից խուսափելու գործով։
Այդ գործով միլիարդատիրոջը սպառնում է երկու տարվա ազատազրկում: