Կանդելակին՝ երրորդին, Սիմոնյանը՝ չորրորդին. հայտնի լրագրողները Պուտինի խոսքերից հետո ոգեշնչվել են երեխա ունենալ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել Դաշնային ժողովին։ Ամենամյա ելույթը տեղի է ունենում արդեն 26-րդ անգամ։
Ըստ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության՝ պետության ղեկավարը ուղերձում խոսում է ներքին ու արտաքին քաղաքականության առավել արդիական թեմաների մասին։ Այս տարի ուշադրության կենտրոնում են եղել սոցիալական թեմաները, իսկ մայրական կապիտալի բարձրացման հարցը դարձել է ամենաքննարկվածը սոցիալական ցանցերում։ Իսկ МАТЧ-ТВ-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակիի եւ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մոտ երեխաներ լույս աշխարհ բերելու գաղափար է առաջացել։
«Երրորդ երեխայի լույս աշխարհ գալու դեպքում մարում են հիփոթեքային վարկի 450․000 ռուբլի։ Ես հիփոթեքային վարկ ունեմ»,- Telegram-ում գրել է Թինան։
«Կարճ ասած՝ բոլորը թող ծննդաբերեն։ Ստիպված կլինեմ չորրորդին ունենալ»,- նախագահի խոսքերին արձագանքել է Սիմոնյանը։