Կատալոնական «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետիենն Իսպանիայի չեմպիոնի հետ 2.5 տարվա պայմանագիր կնքելուց հետո առաջին մամուլի ասուլիսն է տվել
Կատալոնական «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետիենն Իսպանիայի չեմպիոնի հետ 2.5 տարվա պայմանագիր կնքելուց հետո առաջին մամուլի ասուլիսն է տվել:
61-ամյա իսպանացի մասնագետը սկզբում շնորհակալություն է հայտնել «Բարսելոնայի» ղեկավարությանը, այնուհետև խոսել իր առաջ դրված խնդիրների մասին:
Շնորհակալական խոսք
«Սա յուրահատուկ օր է իմ կյանքում: Նախևառաջ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարությանն ինձ տրված հնարավորության համար: Վստահեցնում եմ, որ ես հիացած եմ այն նախագծով, որը տեսել եմ այստեղ:
Անգամ իմ լավագույն երազներում չէի կարող պատկերացնել, որ կարող եմ գլխավորել այս ակումբը»:
«Բարսելոնայի» փիլիսոփայությունը
«Հաղթելու լավագույն ճանապարհը լավ ֆուտբոլ խաղալն է: Պետք է կարողանանք ստեղծել թիմ, որը լավ կխաղա միշտ, այլ ոչ թե 1 խաղում:
Միշտ հետևել եմ «Բարսելոնայի» մրցելույթներին և հիացել եմ այս թիմի խաղով: Ուսումնասիրել եմ ակումբի փիլիսոփայությունը և պատրաստվում եմ որոշ մարտավարական փոփոխություններ կատարել»:
Իմ բոլոր թիմերը լավ ֆուտբոլ են խաղացել և ես վստահեցնում եմ, որ իմ «Բարսելոնան» ևս լավ ֆուտբոլ է խաղալու»:
«Լա Մասիա»
««Բարսելոնան» ունի երիտասարդ ֆուտբոլիստներ պատրաստելու սեփական ակադեմիան, որն իր որակով եզակի է աշխարհում:
«Լա Մասիայի» լավագույն ֆուտբոլիստները մշտապես հնարավորություն կստանան մարզվել հիմնական թիմի խաղացողների հետ և նույնիսկ խաղաժամանակ ստանալ»:
Մոտիվացիա
«Ես «Բարսելոնա» եմ եկել մոտիվացված և էներգիայով լի: Հուսով եմ՝ կկարողանամ այդ էներգիան փոխանցել թիմի ֆուտբոլիստներին և առավելագույն չափով մոտիվացնել նրանց:
Մարզման ընթացքում ես զգացի, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները ոգևորված են և ցանկանում են աշխատել ու նպաստել թիմի հաղթանակների կերտմանը»:
Ներկա կազմը
«Ես անկեղծ մարդ եմ և միշտ արտահայտել եմ այն, ինչ մտածել եմ: Հուսով եմ՝ կկարողանամ առավելագույնը քաղել թիմի բոլոր ֆուտբոլիստներից, ստիպել նրանց նվիրվել ակումբին և խաղալ առանց ուժերը խնայելու:
Այս թիմում ես տեսնում եմ տաղանդավոր ֆուտբոլիստների, որոնց հետ միշտ երազել եմ աշխատել»:
Լիոնել Մեսի
«Մեսին յուրահատուկ ֆուտբոլիստ է: Չեմ վախենա ասել, որ նա լավագույնն է աշխարհում: Հպարտ եմ, որ հնարավորություն եմ ստացել աշխատել նրա հետ»:
Էռնեստո Վալվերդե
«Ես բարձր եմ գնահատում այն աշխատանքը, որը նա կատարել է «Բարսելոնայում»: Ես գլխավորել եմ մի ակումբ, որն առաջատար է Լա Լիգայում և դուրս է եկել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ: Այս ամենի համար ես երախտապարտ եմ Վալվերդեին:
Վստահ եմ, որ Վալվերդեի կատարած աշխատանքը շատ օգտակար կլինի մեզ համար»:
Կիկե Սետիենը անցած ամռանը հեռացել էր «Բետիսից», որը նրա գլխավորությամբ 2017-2018 թվականների Իսպանիայի առաջնությունում գրավել է 6-րդ տեղը, իսկ անցած մրցաշրջանում հասել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։