«Լավ առիթ էր, որ սափրվեմ հենց հանրության առջեւ». Սեպուհ Սիմոնեանը՝ Սիրուշոյի հետ նոր զուգերգի, մորուքից հրաժարվելու եւ նոր համագործակցությունների մասին
Երբեւէ ցավե՞լ է այնքան, որ մոռացել եք, թե ինչ է նշանակում ժպտալ… Օրերս այս հարցադրման շուրջ երաժշտասերներին համախմբեցին երգիչներ Սեպուհ Սիմոնեանը եւ Սիրուշոն: Capital Cities հանրահայտ խմբի անդամ ամերիկահայ հայտնի երգիչն ու հայկական երգարվեստի ամենապահանջված երգչուհիներից մեկը հանրությանը ներկայացրին իրենց նոր՝ Have You Ever Hurt Somebody երգը, որը ինչպես արտիստների նախորդ համագործակցությունը՝ միանգամից դարձավ համացանցային հիթ:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սեպուհը պատմել է Սիրուշոյի հետ հերթական համագործակցության, տեսահոլովակում սափրվելու գաղափարի եւ 2020-ի ծրագրերի մասին:
«Երգը գրել եմ մոտ 13 տարի առաջ: Այդ ժամանակ այն ձայնագրեցի Ջիվան Գասպարյան կրտսերի հետ, նրա դուդուկի ներքո: Առաջին անգամ ես եւ Սիրուշոն այն որպես զուգերգ Հայաստանում ներկայացրել ենք 2017 թ-ի նոյեմբերին՝ Համալիրում՝ իմ մենահամերգի ժամանակ: Այդ օրը մենք ներկայացրինք նաեւ «Վույ աման» երգի ակուստիկ տարբերակը».-պատմում է երաժիշտն ու շարունակում,- «Դուետը շատ լավ հնչեց, այդպիսով որոշեցինք այն ձայնագրել նոր տարբերակով: Սիրուշոյի կատարմամբ Have You Ever-ի նոր տարբերակի պրոդյուսինգով զբաղվել եմ անցած տարի: Նա 2019-ի գարնանը ինձ հյուր եկավ Լոս Անջելեսում, ձայնագրեցինք նրա հատվածն ու նկարահանեցինք տեսահոլովակը: Տեսահոլովակի ռեժիսուրայով զբաղվել ենք ACRS-ի հետ միասին»:
Տեսահոլովակի ամենահետաքրքիր եւ սենսացիոն պահերից մեկն այն է, երբ երկար մորուքով հայտնի երգիչը հանկարծակի ամբողջովին սափրում է այն: Մինչ շատերը կարծում են, թե Սեպուհն իրականում զոհողության է գնացել հանուն տեսահոլովակի, շտապենք ցրել այդ ասեկոսեները: Իրականում երաժիշտը հեշտությամբ է համաձայնվել հրաժեշտ տալ մորուքին:
«Նման մտադրություն երկար ժամանակ ունեի: Տեսահոլովակը նկարահանեցինք իմ բնակարանում, եւ դա լավ առիթ էր, որ սափրվեմ հենց հանրության առջեւ»:
Երգի ամբողջական պրոդյուսինգն ավարտելու եւ տեսահոլովակը մոնտաժելու համար Սեպուհին եւ նրա թիմին պահանջվել է 9 ամիս: Երաժիշտն ուրախ է, որ հենց 2020 թ-ի մեկնարկին հանրությանը կարողացան ներկայացնել իրենց նոր համատեղ աշխատանքը:
Capital Cities բենդը, որի անդամ է նաեւ Սեպուհը, անցած տարի սեպտեմբերին առաջին անգամ եղավ Հայաստանում՝ մասնակցելու Հայաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառմանը, որը տեղի ունեցավ Գյումիրում: Երաժիշտները նաեւ ելույթ ունեցան Երեւանում:
Ինչ վերաբերում է բենդի հայաստանյան տպավորություններին եւ հնարավոր վերադարձին, Սեպուհը նշեց.
«Դա հրաշալի փորձ էր մեզ համար: Բենդի իմ ընկերներն իսկապես հավանեցին Հայաստանը, նրանք բացահայտեցին Երեւանն ու Գյումրին, եղան Գառնիում եւ Գեղարդում: Անհամբեր սպասում ենք այստեղ հանդես գալու եւս մեկ առիթի»:
Իսկ երաժշտական նորությունների առումով տարին, կարծես, թե բուռն է լինելու ամերիկահայ հայտնի երգչի համար.
«Այս տարի շատ ոգեւորված եմ. ուզում եմ ավելի շատ երգեր ու տեսահոլովակներ թողարկել, կենդանի համերգներ ունենալ: Հիմա աշխատում եմ իմ նոր ձայնասկավառակի շուրջ, ինչպես նաեւ համագործակցությունների, որոնք այնպիսի արտիստների հետ են, ինչպիսիք են՝ Սերժ Թանկյանը, Galestian-ը, Bei Ru-ն, Արտյոմ Մանուկյանը: Նոր նախագծեր կլինեն նաեւ Սիրուշոյի հետ»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Instagram-ից եւ sebu.am կայքից