Նովոսիբիրսկում պարզում են, թե ով է հայերի եւ աֆրիկացիների ծեծկռտուքի մեղավորը
Նովոսիբիրսկում վիճաբանություն է տեղի ունեցել «Գավառ» ռեստորանի սեփականատերերի եւ Afro Show Kalakuta թմբուկային շոուի աֆրիկացի երաժիշտների միջեւ:
Համույթի ղեկավար Ջյուդ Օյեվոլեն «Նովոսիբիրսկ օնլայն» պարբերականին հայտնել է, որ իրենք հաստատությունում վաղուց են ելույթ ունենում, բայց առաջին անգամ է վեճ տեղի ունենում:
Դեկտեմբերի 26-ին Օյեվոլեն հրաժարվել է ելույթ ունենալ, քանի որ կողոսկրը կոտրել էր: Ելույթից հետո իրենք պատրաստվում էին հեռանալ, երբ, համույթի ղեկավարի խոսքով, հաստատության անվտանգության աշխատակիցները բանավոր վիրավորանքներ են սկսել տեղալ, որը վերաճել է ծեծկռտուքի:
«Գավառ» ռեստորանի սեփականատեր Զուրաբ Վարդանյանն իր հերթին հերքել է տեղի ունեցածի այս վարկածը եւ հայտարարել, որ ծեծկռտուքը սկսել են երաժիշտները՝ հարձակվելով իր որդու վրա:
«Ինչպե՞ս կարող է ռեստորանի տերը մարդկանց հրավիրել բացել ռեստորանը եւ նրանց ծեծել: Ինձ ամբողջ քաղաքն է ճանաչում. ես օրինապաշտ քաղաքացի եմ, երբեք օրենքը չեմ խախտել: Իսկ նրանք եկան եւ սկսեցին որդուս ծեծել՝ դաժան, մկանուտ տղերք են: Նա (Ջյուդ Օյեվոլեն) ինչ-որ վնասվածք ուներ, ասում էր, որ կողերը կոտրվել են, իսկ փորձաքննության չէր ներկայացել: Առավել եւս, որ նրան ոչ ոք ձեռք չի տվել: Պարզապես շանտաժիստ է: Ուզում էին հեշտ ճանապարհով փող վաստակել: Դուք Աֆրիկայում չեք, դուք Ռուսաստանում եք՝ հարգեք ռուսական օրենքը»,- վրդովվում է նա:
Զուրաբ Վարդանյանը պնդում է, որ երաժիշտներն իրենց անպատկառ են պահել. «Նրանք եկել էին ելույթ ունենալու, ես նրանց վճարել եմ, հետո նրանք դուրս եկան ու սկսեցին անվտանգության աշխատակցին ծեծել, որովհետեւ նա արգելել էր մեքենայով տարածք մտնել: Չգիտեմ, թե այնտեղ ինչ է տեղի ունեցել: Նրանք սկսել են հայհոյել. «Ինչո՞ւ չես թողնում»: Ես դուրս եկա, նրանք ինձ չէին լսում: Մարզիկներ են, առողջ ցլեր, սկսեցին արդեն ինձ հետ կռվել: Եվ որդուս նույնպես ծեծեցին՝ ցնցում ստացավ, կապտուկներ, քիթը ջարդեցին: Նրանք հատուկ են այդպես ուզում, որ վճարեմ»,- կարծում է Զուրաբ Վարդանյանը: