Պոմպեոն հերքել է տեղեկությունները, որ ԱՄՆ դեսպանություններին չեն իրազեկել Սոլեյմանիի պատրաստվող հարձակման մասին
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հերքել է ամերիկյան լրատվամիջոցների այն պնդումները, թե Պետքարտուղարության աշխատակիցներին չէին իրազեկել Միացյալ Նահանգների դեսպանությունների վրա իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի կողմից իբր պատրաստվող հարձակումների մասին: Ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը համապատասխան հայտարարությունը կատարել է Fox News-ի հետ հարցազրույցում:
Պոմպեոն նշել է, որ նման պնդումները «ճիշտ չեն եւ վտանգավոր են, ինչպես նաեւ դիտավորյալ նվազեցնում են մեր դեսպանություններում աշխատող տղամարդկանց ու կանանց պաշտպանության համար այս վարչակազմի ջանքերը»: «Մենք նրանց ոչ միայն իրազեկել էինք, այլեւ համալիր միջոցառումներ էինք ընդունել, որ ապահովենք նրանց լիակատար պաշտպանությունն ու անվտանգությունը, որպեսզի նրանք նախապատրաստված լինեին, որպեսզի այնտեղ պաշտպանությունն ուժեղացվեր, եթե ինչ-որ բան այնպես չլիներ»,- ընդգծել է պետքարտուղարը:
Վկայակոչելով Պետքարտուղարությունում աղբյուրներին՝ CNN-ն ավելի վաղ հայտնել էր, որ ամերիկյան դեսպանությունների անվտանգության հարցերով զբաղվող գերատեսչության աշխատակիցները տեղյակ չէին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈՒ էլիտար զորամասեր) հատուկ նշանակության «Ալ Ղուդս» ուժերի հրամանատրի կողմից ամերիկյան դիվանագիտական առաքելությունների վրա պատրաստվող հարձակումների մասին: Ընդ որում՝ CNN-ի աղբյուրները հստակեցրել էին , որ բոլոր դեսպանությունները Պետքարտուղարությունից նախազգուշացում էին ստացել հունվարի 3-ի գիշերը հասցված հարվածից անմիջապես առաջ: Այն, սակայն, նույնպես չէր առնչվում դիվանագիտական ներկայացուցչություններից որեւէ մեկի համար ուղղակի սպառնալիքին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցած ուրբաթ Fox News-ի հետ հարցազրույցում հայտարարել էր այն մասին, որ Սոլեյմանին հարձակումներ էր ծրագրել ԱՄՆ 4 դեսպանությունների վրա: Այն հարցին, թե կոնկրետ ամերիկյան որ օբյեկտները կարող էին հարձակման ենթարկվել, Թրամփը հայտարարել էր. «Մենք ձեզ կասենք, որ դա, հավանաբար, Բաղդադում դեսպանությունն էր»: «Կարող եմ հայտնել, որ, ինչպես ես եմ կարծում, դա, հավանաբար, 4 դեսպանություններ էին»,- հավելել էր ԱՄՆ նախագահը: