Լավրովը պատմել է միջլիբիական բանակցությունների արդյունքների մասին
Լիբիայում հակամարտության մի քանի կողմ ամփոփիչ փաստաթուղթ է ստորագրել Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ, սակայն Լիբիայի ազգային բանակի ղեկավար մարշալ Խալիֆա Խաֆթարը հավելյալ ժամանակ է խնդրել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Համաձայնագրի նախագծում ասվում է, որ կողմերը պայմանավորվել են սահմանել շփման գիծը կայուն հրադադարի համար: Բացի այդ, հայտարարվել է ռազմական լարվածության դեէսկալացիա հասնելու անհրաժեշտության մասին:
Փաստաթուղթը ստորագրել են Լիբիայի կառավարության ազգային համաձայնության ղեկավար Ֆայեզ Սարաջն ու պետական բարձրագույն խորհրդի ղեկավար Խալեդ Միշրին: Լավրովի խոսքով՝ մարշալ Խաֆթարն ու պատգամավորների պալատի ղեկավար Աքիլ Սալեհը կարող են ստորագրել երեքշաբթի:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ մարշալ Խաֆթարը կստորագրի համաձայնագիրը, եւ հնարավոր կլինի վերադառնալ ՄԱԿ-ի շրջանակում քաղաքական կարգավորմանը:
Ավելի վաղ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը համաձայնեցրել են Լիբիայի հարցով միասնական դիրքորոշումն ու բոլոր կողմերին կոչ արել դադարեցնել կրակը հունվարի 12-ին կեսգիշերից եւ անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Խալիֆա Խաֆթարն ասել է, որ ողջունում է այդ նախաձեռնությունը, սակայն շարունակում է Տրիպոլիի վրա հարձակումը, որը սկսվել է անցած տարվա ապրիլից: Իր հերթին, Լիբիայի ազգային միասնության միջազգայնորեն ճանաչված կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը հայտարարել է, որ ողջունում է հրադադարի մասին նախաձեռնությունը, սակայն Լիբիայի ազգային բանակի ստորաբաժանումների հեռացման պայմանով:
2011 թվականին Մուամար Քադաֆիի տապալումից եւ սպանությունից հետո Լիբիան փաստորեն դադարեց հանդես գալ որպես միասնական պետություն։ Հիմա երկրում երկիշխանություն է։ Արեւելքում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանի կառավարումն է, արեւմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, կառավարում է ՄԱԿ եւ Եվրամիության աջակցությամբ ձեւավորված եւ Ֆայեզ Սարաջի գլխավորած ազգային համաձայնության կառավարությունը։ Երկրի արեւելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ եւ համագործակցում են Լիբիայի ազգային բանակի հետ։