Իրանի իշխանությունները հերքում են ուկրաինական ինքնաթիռի կործանումից հետո ապատեղեկատվության տարածումը
Իրանի վարչակազմը հերքում է անցյալ շաբաթ Թեհրանի մոտ ուկրաինական ուղեւորատար ինքնաթիռի կործանումից հետո ապատեղեկատվության տարածումը, հայտնում է PressTV-ն։
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը հունվարի 8-ի առավոտյան վթարի էր ենթարկվել Թեհրանից Կիեւ չվերթի մեկնարկից մի քանի րոպե հետո, ինչի հետեւանքով զոհվել էր 176 մարդ։
Սկզբում իրանցի պաշտոնյաները վթարը բացատրել էին տեխնիկական պատճառներով եւ հերքել էին այն հավանականությունը, որ ինքնաթիռին հրթիռներն են հարվածել։
Սակայն հետաքննությունից հետո Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 10-ին հրապարակել էր հայտարարություն, որում խոստովանել էր, որ ինքնաթիռին «մարդկային սխալի» հետեւանքով «ոչ կանխամտածված» կերպով արձակված հրթիռն է հարվածել։
Երկուշաբթի օրը Թեհրանում մամուլի ասուլիսում Իրանի վարչակազմի ներկայացուցիչ Ալի Ռաբիեյը հայտարարել էր․ «Իրականում մենք չէինք ստում։ Սուտը նշանակում է ճշմարտության գիտակցաբար եւ կանխամտածված կեղծում։ Նման բան երբեք չի եղել»։
Նախկինում Ռաբիեյը բացառել էր ինքնաթիռին հրթիռների հարվածելու ցանկացած հավանականություն, սակայն այսօր նա հայտարարել է, որ դա արվել էր «այն ժամանակ վարչակազմին հասանելի տեղեկատվության հիման վրա»։ Ոչ մի պաշտոնատար անձ, այդ թվում Հասան Ռոհանին, մինչեւ ուրբաթ երեկո չեն իմացել վթարի պատճառների մասին, պարզաբանել է նա։
ԻՀՊԿ աերոտիեզերական բաժնի պետ, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն բացատրել է, թե պատասխանատու օպերատորը հայտնաբերել է, որ ՀՕՊ համակարգը գրանցել է մոտեցող թեւավոր հրթիռ։ Այնուհետեւ նա «ոչ ճիշտ որոշում է կայացրել տասը վայրկյանի ընթացքում» այն բանից հետո, երբ ցանցում խափանումը թույլ չի տվել նրան հարվածելու թույլտվություն ստանալ։
Ռաբիեյն ասել է, որ հենց նախագահ Ռոհանին պարզել է վթարի պատճառը, նա հրամայել է, որ հասարակությունը պատշաճ կերպով այդ մասին տեղեկացվի։
Նրա խոսքերով՝ Իրանը պետք է ձեռնարկի բոլոր նախազգուշական տեխնիկական միջոցառումները, որպեսզի «մարդկային սխալների հավանականությունը հասցնի զրոյի»։
Նա ուշադրություն է դարձրել ողբերգության «արմատական պատճառի» վրա, իսկ հատկապես՝ «գեներալ Ղասեմ Սոլեյմանիի վախկոտ սպանության վրա, որն առաջացրեց պատերազմի ուրվական եւ այդպիսով հանրության վրա ծանր հոգեբանական ճնշում գործադրեց»: Նա նաեւ նշել է, որ «միակ սխալի առկայությունը» չպետք է կասկածի տակ դնի բոլոր զոհերին եւ երկրի ԶՈՒ ներդրած ջանքերը: