Երևանը «Հայաստանի փոքրիկ երգիչներ ասոցիացիայի» առջև պարտավորություններ չունի. Հակոբ կարապետյան
Մենք մի քանի անգամ նշել ենք, որ խնդիր կա երկու կազմակերպությունների նման անվանումների հետ կապված՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ՊՈԱԿ, որի առաջ քաղաքապետարանը պարտավորություններ ունի, և «Հայաստանի փոքրիկ երգիչներ ասոցիացիա» հասարակական կազմակերպություն, որին է պատկանում Արամի 23 հասցեի շենքը, եւ որի առաջ քաղաքի իշխանությունները ոչ մի իրավաբանական պարտավորություն չունեն: Այս մասին հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
Նրա խոսքով՝ երգչախմբի գործունեությունը Երեւանի համար մշակութային մեծ արժեք ունի, եւ քաղաքի իշխանությունները ձգտել են եւ ձգտում են նրան, որ նրա անընդհատությունն ապահովեն:
«Մենք այս նպատակով երգչախմբին առաջարկել ենք Պատանի հանդիսատեսի թատրոնի դահլիճներից մեկը, որտեղ պայմանները շատ ավելի լավն են, քան նրանք, որ կային Արամի 23 հասցեի շենքում: Վերջնարդյունքում որոշում է ընդունվել, որ երգչախումբը իր փորձերն անցկացնելու է Երեւանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում»,- նշեց նա: