Վարչապետի հետ նույն շարքում (Տեսանյութ և լուսանկարներ)
Ամեն արշավ սկսվում է հրահանգավորումից, որի ամենակարևոր կետը, ամենամեծ խնդրանքս ու պահաջս է` քայլել շարքով։ Շարքով քայլելն անվտանգ է՝ բոլորը քայլում են մի տեմպով, խումբը դառնում է մի օրգանիզմ։ Շարքով քայլելը հեշտ է։ Շարքը խոսում է խմբի կարգապահության մասին։
Ամեն հրահանգավորումից առաջ ես պատրաստ եմ այս հարցին. «Ինչո՞ւ ենք շարքով քայլում»։ Ամեն արշավին գտնվում է մեկը, ով անպայման քայլում է շարքից դուրս։ Միշտ կա մեկը, ում պետք է անընդհատ հիշեցնել մտնել շարք, ում պետք է բացատրել, որ անկախ քո տարիքից, փորձից ու դիրքից դու այս խմբի մասնիկ ես ու պարտավոր ես պահել խմբի կանոնները։
Արշավների ընթացքում հաճախ եմ արտաբերել այն միտքը, որ մեր երկիրն այն ժամանակ երկիր կդառնա, երբ բոլորս կսովորենք արշավի ընթացքում քայլել մի շարքով։ Դա կնշանակի, որ մենք ունենք կարգապահ հասարակություն։
Մեկնարկի կետում կանգնած պետք է հրահանգավորեի, ու սկսեինք վերելքը։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին հարցրի. «բա ո՞ւր են ձերոնք», քանի որ իմ տվյալներով նրա հետ պետք է լինեին իր ընկերները։ Էրիկը խորհրդավոր ժպիտով ասաց. «Հենա, գալիս են»։ Հեռվում երևաց 4 նույնանման մեքենայից կազմված շարասյուն, որոնցից դիմացինի վրա կարմիր-կապույտ լույսեր էին վառվում-հանգչում։ Ժպտալով Էրիկին ասեցի. «էս կարո՞ղ ա վարչապետն ա գալիս»։ Ասածիս մեջ ոչ մի լրջություն չկար, զուտ արտաբերեցի էդ միտքը, քանի որ մեքենաների շարասյունը միշտ ասոցացվում է երկրների առաջին դեմքերի հետ։ Ես ոչինչ չգիտեի։ Մեքենաները կանգնեցին, վարչապետն իջավ։ Ինչպես միշտ ժպիտը դեմքին, ձեռքը պարզեց՝ սկսեց բարևել արշավի մասնակիցներին։
Անկեղծ ասած մի պահ պապանձվեցի, մտքումս հրահանգավորումն էր պտտվում։ Ինքս ինձ հետ ընկա հարցուպատասխանների մեջ․ «Բա որ շարքով չքայլի, ո՞նց եմ խնդրելու մտնել շարք։ Դե լավ վարչապետ ա, չնայած ինչ տարբերություն, ով ուզում է լինի, բա ուրիշին ո՞նց ես ասում մտի շարք, մարդ ա էլի, ինչ տարբերություն, բայց դե վարչապետն է։ Վե՛րջ, ես իմ գործն եմ անում, կանոնները բոլորի համար են։
Սկսեցի հրահանգավորումը։ Էն պահին երբ ասեցի ինձանից առաջ ոչ ոք չի անցնում, վերջից գալու է Հրաչուհին, Հրաչուհուց հետ չընկնեք, վարչապետը հայացքով սկսեց փնտրել Հրաչուհուն, նույնիսկ առաջ եկավ, թեքվեց, որպեսզի տեսնի՝ ում մասին է խոսքը, ումից հետ չի կարելի մնալ։ Ձեռքով ցույց տվեցի, գլխով արեց։ Սկսեցինք քայլել։
Վարչապետը մտավ շարք ինչպես բոլորը։ Ինձնից հետո երևի 7-8-րդն էր։ Առաջին 5 րոպեյից հետո սիրտս ընկավ տեղը։ Վարչապետին նկատողություն անելու անհրաժեշտություն չի լինելու։ Նիկոլը քայլում էր շարքով։ Ժպտալով մտածեցի․ «դե սրանից հետո թող մեկը դուրս գա արշավների ժամանակ շարքից, ասելու եմ՝ տո դու քանի գլխանի ես, նույնիսկ Նիկոլն ա մեր հետ շարքով քայլել»։
Ընթացքում հենց նկատում էի, որ վարչապետի շնչառությունը դժվարանում է հարցնում էի արդյո՞ք կանգնել, հանգստանալու անհրաժեշտություն կա՞։ Ասում էր. «Դու ասա, ոնց ասես, դու ես խմբի ղեկավարը»։
Որոշել էի գագաթին նկարվենք, պատկերացնում էի ոնց կարձագանքի արշավային համայնքը։ Մտածում էի ոնց կուրախանան մերոնք, բայց նաև վախում էի մի քանի հոգի նախանձից ինֆարկտ կտանի։ Մեկ էլ պահի տակ մտքովս անցավ բա որ չհասնի գագաթ։ Հետո էլ պտտվեցի նայեցի քայլքին, հասկացա որ չէ, հաստատ կհասնի, բայց ամեն դեպքում որոշեցի հիմա նկարվենք, զգացի, որ չեմ համբերի մինչև գագաթ։
Նկարվեցինք ու նկարը տեղադրեցինք Ֆեյսբուքում։ Հետո վարչապետը լայվ մտավ։ Ու տեղի ունեցավ փոքրիկ հեղափոխություն մեր բնագավառում, ու անսովորը դարձավ սովորական։
Շարունակում էինք քայլել։ Վարչապետը հանգիստ քայլում էր շարքի մեջ։ Թիկնապահները շարքից դուրս էին գալիս, հետ ու առաջ էին ընկնում։ Դա իմ համար էական չէր․ իրենք ծառայության մեջ էին։
Հասանք գագաթ։ Խորհրդակցելով խմբի հետ Նիկոլը լայվ մտավ և Արտանիշի գագաթից իր խաղաղության ուղերձը հղեց տարածաշրջանին։
Գագաթից իջնելիս, ինչպես միշտ, շարքը խախտվեց։ Իջնելուց շարք պահելը ցանկալի է, բայց ոչ պարտադիր։ Ճանապարհին Նիկոլն ասաց. «Բայց ինչի՞ էլ շարքով չենք քայլում, շարքով ավելի հեշտ էր»։
Անսովորը դարձավ սովորական։ Նախքան սա, ոչ մի իշխանության ժամանակ, երկրի առաջին դեմքը չէր բարձրացել սար որևէ արշավախմբի հետ։ Մեզ համար մեծ պատիվ էր, որ հենց մեզ հետ որոշեց գալ վարչապետը։ Armenian Geographic -ի պատմության մեջ իհարկե սա բացառիկ օր էր՝ իրականացնել արշավ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ողջ գրառումս պտտվում էր շարքով քայլելու շուրջ։ Շարքը կարգապահություն է։ Շարքով քայլող վարչապետը մեզնից մեկն է, որովհետև ինքը կտրված չի իրականությունից։ Նիկոլն արշավի ընթացքում որոշումներ չէր կայացնում ու հրահանգներ չէր տալիս, որովհետև հասկանում էր, որ եթե միացել է պրոֆեսիոնալ խմբի, ուրեմն պետք է ենթարկվի խմբի կանոններին։
Վարչապետը չմոռացավ գովազդել արշավային տուրիզմը։ Կոչ արեց մարդկանց ապրել առողջ, բարձրանալ սարեր, ճանաչել հայրենիքը։ Գնալիս բոլորին հաջող արեց, շնորհակալություն հայտնեց արշավի համար ու գնաց, մի 5 քայլից կանգ առավ, հայացքով փնտրեց ինձ (ասինքն խմբի ղեկավարին) ու ձեռքով արեց, ասաց. «Տիկ, հաջող»:
Չգիտեմ որքանով ստացվեց ներկայացնել մեր վերելքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց սա այդքան էլ արշավի մասին չէր։
Շնորհակալություն շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին մեր արշավին միանալու և այս անմոռանալի անակնկալի համար։ Ձեր ներկայությամբ ու խորհուրդներով փոխեցիք շատերի պատկերացումները։
Արշավից հետո ունեցանք հարցազրույց CivilNet-ի հետ:
Հիմա ես ունեմ այն հարցի պատասխանը, թե որն է եղել իմ կյանքի ամենամեծ անակնկալը։
Տեքստը՝ Տիգրան Վարագի
Լուսանկարները՝ Ծովինար Հակոբյանի