Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 70 տոկոսը մանկապարտեզ չի հաճախում. նախարար
Հայաստանում մինչեւ 5 տարեկան երեխաների 70 տոկոսը մանկապարտեզ չի հաճախում, այսինքն՝ չի ստանում նախադպրոցական կրթություն: Այս մասին հունվարի 13-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախադպրոցական կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Նախարարի վստահեցմամբ՝ կառավարությունն իր առջեւ նպատակ է դրել շտկել ստեղծված իրավիճակը: «Տվյալ օրինագիծը որոշում է Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական կրթության ոլորտում պետական քաղաքականության սկզունքները, ապահովում է կազմակերպչական-իրավական եւ ֆինանսական-տնտեսական հիմքերը, իրականացնում է բոլորի համար նախադպրոցական հավասար կրթություն ստանալու իրավունքը, կարգավորում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավական հարաբերությունները, որոնք մասնակցում են նախադպրոցական կրթության գործընթացին, ինչպես նաեւ ուղղված է նախադպրոցական կրթության հասանելիության ապահովմանը»,- պարզաբանեց նա:
Օրինագծի համաձայն՝ նախադպրոցական կրթության հիմնական խնդիրներից են երեխայի ֆիզիկական, բարոյական եւ արհեստական զարգացման հիմքերի ստեղծումը, հարազատ լեզվով շփման համար նախադրյալների եւ օտար լեզուների հիմունքների ուսուցման ապահովումը, տարրական հաշվարկման ունակության զարգացումը, վարքի տարրական կանոններին, բնության եւ բնապահպանության տարրերին, պատմության եւ ազգային մշակույթին ծանոթացումը, աշխատանքային ունակությունների ձեռքբերումը, դպրոցական ուսուցմանը նախապատրաստումը:
Նախարարը հայտնեց, որ ներկայացված օրինագծի համաձայն՝ նախադպրոցական կրթության համակարգը ենթադրվում է հասցնել ինկլյուզիվ մոդելի: Բացի այդ, Հարությունյանի խոսքով, հանրապետությունում կներդրվի մանկապարտեզներում կամ մսուրներում աշխատող ուսուցիչների վերապատրաստման համակարգ:
«Մենք ցանկանում ենք նաեւ կարգ հաստատել մասնավոր մանկապարտեզներում: Մենք չգիտենք, թե ինչ են դասավանդում երեխաներին նման հաստատություններում: Մենք պարզապես հնարավորություն չունենք կարգավորելու ուսումնական գործընթացը, որն իրականացվում է մասնավոր ուսումնական հաստատություններում: Սակայն տվյալ օրենսդրական նախաձեռնության շնորհիվ՝ մեր հնարավորություններն ու լիազորություններն էապես կմեծանան»,- ասաց նախարարը:
Նա նաեւ նշեց, որ հանձնաժողովի քննարկմանը իր ներկայացրած օրինագիծն անցել է հանրային քննարկումների փուլը եւ քննարկվել է փորձագիտական հանրույթի շրջանում, ինչպես նաեւ տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ օրինագիծը ստացել է խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատմության մեջ առաջին գլոբալ զեկույցի, որը նվիրված է նախադպրոցական կրթությանը, Հայաստանում ավելի քան 171 հազար երեխաներ մանկապարտեզներ են հաճախում:
Դրա հետ մեկտեղ, ՄԱԿ Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) զեկույցի համաձայն՝ ցածր եկամուտով երկրներում տասից միայն երկու երեխա է մանկապարտեզ հաճախում: Հայաստանի գյուղերում գրանցվել է նույնպիսի ցուցանիշ: Քաղաքներում իրավիճակը մի փոքր է ավելի լավ: Այստեղ մանկապարտեզներ չհաճախող երեխաների թիվը նույնպես բավականին մեծ է: Քաղաքներում մանկապարտեզներ է հաճախում տասից միայն չորս երեխա: