Թուրքիայում ապրիլի 24–ին ծառայակից հայ զինվորին սպանողը դատապարտվեց 17 տարի ազատազրկման
Թուրքիայի զորամասերից մեկում 2011 թվականի ապրիլի 24–ին ծառայակից հայ զինվոր Սեւակ Շահին Բալըքչըի սպանության գործով դատարանը վճիռ է կայացրել։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել ամբաստանյալ Քվանչ Աղաօղլուին դատապարտել 16 տարի 8 ամիս ազատազրկման։
Հենց դատարանում Քվանչ Աղաօղլուն կալանավորվել է։
Ավելի վաղ, ռազմական դատարանը Քվանչ Աղաօղլուին դատապարտել էր ընդամենը 4 տարի ազատազրկման եւ ազատ արձակել դահլիչից։
Սեւակի ծնողների բողոքներից հետո գործը տեղափոխվել է քաղաքացիական դատարան եւ նոր քննություն սկսվել։
Նշենք, որ 2011-ի ապրիլի 24-ի առավոտյան Սեւակն սպանվել էր մեկ այլ զինծառայող` Քվանչ Աղաօղլուի կողմից: Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտարարել է, որ այն տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից։ Սեւակի ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են ազգայնականության հողի վրա՝ հայ լինելու համար։