Արմեն Սարգսյանը հանդիպել է Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հունվարի 13–ին, հանդիպել է Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ։
Բարձր գնահատելով Հայաստանի նախագահի հետ հանդիպումը՝ Ինդոնեզիայի նախագահն անդրադարձել է հայ-ինդոնեզական պատմական առնչություններին՝ մասնավորապես հիշատակելով Սարգիս ընտանիքի մասին:
Կարևորելով ավանդույթների շարունակումը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ իր նպատակն է քաջալերել երկու երկրների փոխգործակցության ընդլայնումը, առկա ներուժի ու հնարավորությունների լիարժեք օգտագործումը: Նշելով, որ հայերը գլոբալ և սերտորեն փոխկապակցված ազգ են` Արմեն Սարգսյանն ասել է, որ հայերի և հայկական բիզնեսի տարածվածության շնորհիվ համագործակցության ներուժն անհամեմատ մեծանում է։
Երկու երկրների նախագահներն առանձնահատուկ կարևորել են տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, նորարարության ոլորտներում համագործակցության ընդլայնումը և փորձի փոխանակումը: Այս համատեքստում նախագահ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնությանը և նշել, որ բազմաբաղադրիչ այս ծրագրով, մասնավորապես, նախատեսվում է ունենալ երեխաների համար նախատեսված «Ապագայի թանգարան» կամ Հայաստանում առաջին արհեստական բանականության «Դիսնեյ լենդը»: Ծրագիրը նպատակ ունի նաև տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային ընկերությունների ներկայացուցիչներին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության, մեծ ծավալի տվյալների կառավարման և մաթեմատիկական մոդելավորման առաջատար կենտրոններից մեկը: Խոսվել է հիշյալ նախաձեռնության շրջանակում ինդոնեզական ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունների մասին։
Նախագահները մտքեր են փոխանակել նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարների շուրջ: Ինդոնեզիայի նախագահն ասել է, որ իր երկիրն ակնկալում է Հայաստանի աջակցությունը Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Հայաստանի նախագահն ընդգծել է, որքան մեծ ու դինամիկ լինի կազմակերպությունը, այնքան դա շահեկան կլինի անդամ երկրների փոխշահավետ համագործակցության ընդլայնման համար։ Նախագահ Սարգսյանը նշել է Հայաստանի մրցակցային առավելությունները, որոնց շնորհիվ ինդոնեզական ներդրողների համար նոր շուկաներ մուտք գործելու լայն հնարավորություններ կբացվեն։
Հանդիպմանը խոսվել է նաև երկու երկրների քաղաքացիների փոխայցելությունների և շփումների դյուրացման, զբոսաշրջության խթանման կարևորության, Հայաստանի՝ որպես հետաքրքիր ու պատմամշակութային առումով հարուստ զբոսաշրջային ուղղության մասին։
Անդրադարձ է եղել նաև գյուղատնտեսության, սննդի անվտանգության ոլորտներում համագործակցության հնարավորություններին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարող է արտահանել բարձրորակ միրգ և բանջարեղեն, ջրային հիմքի վրա պատրաստված արտադրանք ու ապրանքներ, որոնք մրցունակ կլինեն Ինդոնեզիայում։