Հայաստանյայց Առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը
Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Փրկչի Ծննդից ութ օր հետո՝ հունվարի 13-ին: Այս մասին հայտնում է Qahana.am-ը։
Ծննդյան ութերորդ օրը, Հովսեփն ու Մարիամը, որպես բարեպաշտ հրեաներ, մանկանը տանում են տաճար, հրեական օրենքի համաձայն թլպատում Հովհաննես Մկրտչի հոր` Զաքարիայի ձեռքով, և անունն էլ դնում Հիսուս: Հրեաների մոտ սովորություն էր արու զավակներին ծնվելուց ութ օր հետո թլպատելը, որպեսզի նրանք ստանան Աբրահամյան սերնդի և աստվածային ուխտի կնիքը: Այդ պահին կատարվում էր նաև մանկան անվանակոչությունը:
Ս. Գաբրիել հրեշտակը, Սուրբ Աստվածամորն ավետելով Աստծո Որդու Ծննդյան մասին, պատվիրեց Մանկան անունը Հիսուս դնել: Այս մասին կրկին վկայում է նույն Ավետարանիչը. «Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես» (Ղուկ. 1:31): «Հիսուս» անվանը զուգահեռ Փրկչին տրվում է նաև «Քրիստոս» անունը: Այն հունարեն բառ է, որ նշանակում է «Օծյալ» և համապատասխանում է եբրայերենի «Մեսիա»-ին:
Քրիստոնյաների համար այս տոնը հիշատակ է հոգևոր թլպատության, սրտի թլպատության. «Իսկական թլպատությունը սրտի՛ թլպատությունն է, այսինքն՝ Սուրբ հոգու համաձայն ապրելն է և ոչ թէ գրավոր օրենքի համաձայն ապրելը: Այդպիսի մեկը գովաբանվում է ոչ թե մարդկանցից, այլ Աստծուց» (Հռոմիացիներ 2:29):
Փրկչի անվանակոչության տոնին Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ նախորդ օրը երեկոյան ժամերգության ավարտին կատարվում է նախատոնակի արարողություն: