Կոլումբոսի օրագրի կարիբյան մարդակերների «առասպելները» ճշմարիտ էին
Գիտնականները մանրամասն ուսումնասիրել են Կարիբյան կղզիների հնաբնակների գանգերը: Պարզվել է, որ Կարիբյան ավազանի կարիբ-կանիբալները, որոնց մասին գրել է Կոլումբոսը իր օրագրերում, իսկապես գոյություն ունեցել են, հայտնում է Scientific Reports-ը:
Ճանապարհորդը նկարագրել է կարիբների հարձակման դեպքերը բնիկների վրա: Կանիբալները մարդկանց ուտում էին, կանանց տանում ստրկության: Նախկինում այս պատմությունները առասպել էին համարվում:
Դեմքի ճանաչման տեխնոլոգիա օգտագործող Հյուսիսային Կարոլինայի համալսարանի ամերիկացի մասնագետները վերլուծեցին Կարիբյան ավազանի վաղ բնակիչների գանգերը և բացահայտեցին տարածաշրջանում տարբեր խմբերի միջև հարաբերությունների պատմությունը:
Ընդհանուր առմամբ, մշակվել է ավելի քան 100 գանգ, որոնք թվագրվում են մ.թ. 800-1542 թթ.:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Ամազոնիայի ժամանակակից աբորիգենները պոլինեզիացիների ցեղակիցներն են, և սա հուշում է, որ նրանց նախնիները ոչ միայն Սիբիրի, այլև Հարավարևելյան Ասիայի հինավուրց բնակիչներն են եղել:
Գիտնականներին զարմացրեց այն փաստը, որ կարիբները (Հարավային Ամերիկայի Կարիբյան ծովափի բնիկներ) նավարկել են ոչ միայն մինչև Գվադելուպե կղզի, ինչպես կարծում էին նախկինում, այլև շատ ավելի հեռու: Հենց նրանք են իսպանացիներից դեռ շատ առաջ գաղութացրել Ճամայկան, Իսպանյոլան և Բահամները:
«Ես տարիներ վատնեցի, որ ապացուցեմ, թե Կոլումբոսը սխալ էր, բայց պարզվեց՝ ճիշտ էր. Կարիբյան ավազանի հյուսիսային մասում, երբ նա ժամանել է, կարիբներ են եղել»,- ասում է ուսումնասիրության հեղինակներից մեկը՝ Ուիլյամ Քիգանը: