Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանի ղեկավարը հրաժարականից առաջ մեղադրել է երկրի իրավաբանական ֆիրմաներին սեքսիզմի մեջ
Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանի ղեկավար, բարոնուհի Բրենդա Հեյլը հրաժարականից առաջ մեղադրել է Միացյալ Թագավորության իրավաբանական ընկերություններին սեքսիզմի մեջ՝ ասելով, որ նրանք կանանց ստիպում են աշխատավայրում հագնել բարձրակրունկ կոշիկներ, գրում է Daily Mail-ը։
74-ամյա Հեյլը նախազգուշացրել է, որ «տափակ կոշիկի արգելքի հնացած ու սեքսիստական պրակտիկան» այդպես էլ դուրս չի եկել առօրյայից, այն դեպքում, երբ տղամարդկանց նման բնույթի որեւէ պահանջ չի ներկայացվում։
«Նորից հայտնվում են պատմություններ այն մասին, որ գործատուները կանանցից պահանջում են բարձրակրունկ կոշիկներ հագնել։ Ինչո՞ւ նրանք պետք է բարձրակրունկ կոշիկներ հագնեն։ Կոկիկություն, մաքրություն պահանջելը մի բան է, իսկ կոնկրետ կերպարի համապատասխանություն պահանջելը՝ այլ»,- նշել է նա։
2017 թվականին ավելի քան 150 հազար մարդ խնդրագիր էր ստորագրել՝ պահանջելով անօրինական համարել կանանց բարձրակրունկ կոշիկներ կրելու պահանջը։
Այդ հարցը անգամ քննարկվել է խորհրդարանում։
Ի պատասխան խնդրագրի՝ երկրի կառավարությունը հայտարարել էր, որ ընկերությունների դրես-կոդի պահանջները պետք է լինեն բանական եւ հավասարազոր տղամարդկանց ու կանանց համար, եւ ընկերությունները պետք է ենթարկվեն այդ որոշմանը։