Իրանի խորհրդարանը կիրակի կքննարկի Թեհրանի մոտ ուկրաինական ինքնաթիռի կործանման փաստը
Իրանի խորհրդարանը կիրակի դռնբաց նիստով կքննարկի Թեհրանի մոտ ուկրաինական ինքնաթիռի կործանման փաստը, տեղեկացնում է ԻՐՆԱ-ն։
Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացրել է իրանցի խորհրդարանական Թայեբե Սիավաշին։
Խորհրդարանական Մոհամադ Ռեզա Արեֆն իր հերթին կոչ է արել համապատասխան անձանց պատասխանել հանրությանն անհանգստացնող հարցերին այն նորության հետ կապված, որ ինքնաթիռը խփվել է։
Հիշեցնենք, որ այսօր Իրանի ՌՕՈւ գլխավոր շտաբն ընդունել է, որ ուկրաինական ուղեւորատար ինքնաթիռը Թեհրանի մոտ խփվել է «մարդկային սխալի» պատճառով։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոր վշտակցություն է հայտնել ողբերգության առիթով եւ խոստացել պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին պնդել է, որ լիովին ընդունվի աղետի մեղքը։
«Մենք ակնկալում ենք, որ Իրանը կհավաստիացնի, որ պատրաստ է լիակատար եւ բաց հետաքննություն անցկացնել, մեղավորներին պատասխանատվության ենթարկել, վերադարձնել զոհվածների մարմինները, վճարել փոխհատուցում, պաշտոնապես ներողություն խնդրել դիվանագիտական խողովակներով»,- նշել է նա իր հայտարարությունում։