Իրանի գլխավոր դատախազը ևս հանձնարարել է խփված ուկրաինական ինքնաթիռի փաստով անհապաղ հետաքննություն իրականացնել
Իրանի գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերին հանձնարարել է Թեհրանի նահանգի զինվորական դատախազ Գոլամ Աբաս Թորքիին անհապաղ հետաքննություն սկսել ԻԻՀ մայրաքաղաքի մոտ խփված ուկրաինական ինքնաթիռի փաստով, տեղեկացնում է Tasnim-ը։
Զինդատախազին ուղղված իր նամակում Մոնթազերին նշում է Իրանի ՌՕՈւ գլխավոր շտաբի հայտարարությունն այն մասին, որ ինքնաթիռը խփվել է «մարդկային սխալի» պատճառով, եւ հանձնարարում է օպերատիվ եւ մանրազնին հետաքննել միջադեպի բոլոր պատճառներն ու պարզել մեղավորներին։
Հիշեցնենք, որ այսօր Իրանի ՌՕՈւ գլխավոր շտաբն ընդունել է, որ ուկրաինական ուղեւորատար ինքնաթիռը Թեհրանի մոտ խփվել է «մարդկային սխալի» պատճառով։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոր վշտակցություն է հայտնել ողբերգության առիթով եւ խոստացել պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին պնդել է, որ լիովին ընդունվի աղետի մեղքը։
«Մենք ակնկալում ենք, որ Իրանը կհավաստիացնի, որ պատրաստ է լիակատար եւ բաց հետաքննություն անցկացնել, մեղավորներին պատասխանատվության ենթարկել, վերադարձնել զոհվածների մարմինները, վճարել փոխհատուցում, պաշտոնապես ներողություն խնդրել դիվանագիտական խողովակներով»,- նշել է նա իր հայտարարությունում։