Իրանի դատական համակարգի ղեկավարը հրամայել է սկսել խփված ուկրաինական ինքնաթիռի փաստով հետաքննությունը
Իրանի դատական համակարգի ղեկավար Էբրահիմ Ռաիսին հրամայել է ՌՕՈւ դատական մարմինների ղեկավարին անհապաղ սկսել Թեհրանի մոտ խփված ուկրաինական ինքնաթիռի փաստով հետաքննությունը, տեղեկացնում է Tasnim-ը։
Իր հայտարարությունում Ռաիսին խոր ցավակցություն է հայտնել աղետի զոհերի ընտանիքներին եւ հանձնարարել որքան հնարավոր է շուտ գտնել մեղավորներին։
Նա հանձնարարել է Իրանի ՌՕՈւ դատական մարմիններին հավաքել ողջ անհրաժեշտ փաստաթղթերը եւ ձեռնարկել համապատասխան քայլեր՝ կապված «տխուր միջադեպի» հետ։
Հիշեցնենք, որ այսօր Իրանի ՌՕՈւ գլխավոր շտաբն ընդունել է, որ ուկրաինական ուղեւորատար ինքնաթիռը Թեհրանի մոտ խփվել է «մարդկային սխալի» պատճառով։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոր վշտակցություն է հայտնել ողբերգության առիթով եւ խոստացել պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին պնդել է, որ լիովին ընդունվի աղետի մեղքը։
«Մենք ակնկալում ենք, որ Իրանը կհավաստիացնի, որ պատրաստ է լիակատար եւ բաց հետաքննություն անցկացնել, մեղավորներին պատասխանատվության ենթարկել, վերադարձնել զոհվածների մարմինները, վճարել փոխհատուցում, պաշտոնապես ներողություն խնդրել դիվանագիտական խողովակներով»,- նշել է նա իր հայտարարությունում։