ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Թրամփի իմփիչմենթի մեղադրանքները հաջորդ շաբաթ կուղարկի Սենատ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Թրամփի իմփիչմենթի մեղադրանքները հաջորդ շաբաթ կուղարկի Սենատ, ասել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, տեղեկացնում է Reuters-ը։
Գործակալությունը նշում է, որ Նենսի Փելոսին երեք շաբաթ վիճել է Սենատում հանրապետականների առաջնորդ Միչ Մակքոնելի հետ Սենատում իմփիչմենթի շրջանակում իրականացվող ընթացակարգի կանոնների շուրջ։
Ներկայացուցիչների պալատի կողմից կոնգրեսականներին ուղղված իր նամակում Փելոսին գրել է, որ հաջորդ շաբաթ կարող է ընդունվել բանաձեւ Ներկայացուցիչների պալատի «մենեջերների» նշանակման մասին՝ Թրամփի դեմ գործ հարուցելու եւ իմփիչմենթի մեղադրանքները Սենատին հանձնելու համար։
Դեմոկրատները պահանջել են, որպեսզի Սենատի լսումներում ցուցմունքներ տան ուկրաինական գործով նոր վկաներ, բայց այս շաբաթ Մակքոնելը հայտարարել է, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների բավականաչափ ձայներ ունի, որպեսզի գործընթացն իրականացնի առանց լրացուցիչ վկաների, ներառյալ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։
Սպասվում է, որ Սենատը կարդարացնի Դոնալդ Թրամփին նախքան 2020 թվականի ընտրարշավի թեժ պահը, քանի որ ոչ մի հանրապետական մինչ այժմ Թրամփին հանելու օգտին չի արտահայտվել, իսկ դրա համար պահանջվում է ստանալ Հանրապետական կուսակցության անդամների ձայների երկու երրորդը։