ԱՄՆ-ի, Կանադայի եւ Ֆրանսիայի ավիացիոն փորձագետները մեկնել են Իրան
ԱՄՆ-ի, Կանադայի եւ Ֆրանսիայի ավիացիոն փորձագետները մեկնել են Իրան՝ մասնակցելու Իրանի քաղավիացիայի կազմակերպության եւ ավիացիոն միջադեպերի հանձնաժողովի նիստերին, հաղորդում է IRNA-ն:
Նիստերը նվիրված են Թեհրանում հունվարի 8-ին տեղի ունեցած ավիաաղետի պատճառների հետաքննությանը:
Իրանի քաղավիացիայի կազմակերպության ներկայացուցիչների խոսքով՝ Իրանի իշխանությունները փորձում են վերծանել «սեւ արկղերը»: Եթե դա նրանց չհաջողվի, ապա Իրանը օգնություն կխնդրի Ռուսաստանից, Ֆրանսիայից, Կանադայից կամ Ուկրաինայից:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտնել է, որ Իրանը սկսել է հետաքննել Boeing 737 ինքնաթիռի կործանման պատճառները: «Իրանը ողջունում է հետաքննությանը այն երկրներից փորձագետների մասնակցությունը, որոնց քաղաքացիները զոհվել են ավիաաղետի արդյունքում»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Թեհրան-Կիեւ չվերթն իրականացնող Boeing 737-800 օդանավը թռիչքից րոպեներ անց կործանվել է: Զոհվել են բոլոր 167 ուղեւորներն ու անձնակազմի 9 անդամները՝ Իրանի, Ուկրաինայի, Գերմանիայի, Կանադայի, Շվեդիայի եւ Աֆղանստանի քաղաքացիներ: