Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Կիմ Չեն Ընի ծննդյան կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ծննդյան կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Չունգ Յույ-Յոնգը, հաղորդում է Reuters-ը:
Յոնգը, որն այս շաբաթ Վաշինգտոնում հանդիպել է Թրամփին, լրագրողներին հայտնել է, որ իրեն խնդրել են փոխանցել հաղորդագրությունը Հյուսիսային Կորեային:
«Այդ օրը, երբ մենք հանդիպեցինք, Կիմ Չեն Ընի ծննդյան օրն էր, եւ նախագահ Թրամփը հիշեց այդ մասին եւ ինձ խնդրեց փոխանցել հաղորդագրությունը»,- ասել է նա:
Ավելի վաղ Յոնգը հանդիպել է Հյուսիային Կորեայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Բիգունի հետ: Կողմերը քննարկել են Մերձավոր Արեւելքում վերջին իրադարձություններն ու գլոբալ անվտանգության հարցերով համակարգումը:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժեինն ավելի վաղ հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի հարաբերությունների լավացման ուղիներ գնտելու անհրաժեշտություն կա՝ հավելելով, որ պատրաստ է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ: