Թրամփն իր դաշնակիցներին կխնդրի հրաժարվել Իրանի միջուկային համաձայնագրից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իր դաշնակիցներին կխնդրի հրաժարվել Իրանի միջուկային համաձայնագրից: Այս մասին Fox & Friends-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:
«Նախագահը մտադիր է մոտ օրերս իր դաշնակիցներին կոչ անել միանալ ԱՄՆ-ին եւ դուրս գալ Իրանի հետ աղետալի միջուկային համաձայնագրից, ինչպես նաեւ Իրանից պահանջել հրաժարվել ահաբեկչական բռնությունից եւ միջուկային արկածախնդրությունից ու միանալ ազգերի ընտանիքին»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսին Թրամփը դուրս է եկել Իրանի միջուկային համաձայնագրից, որը, նրա կարծիքով, Թեհրանի համար տնտեսական շահ է ներկայացնում եւ բավարար չափով չի սահմանափակում միջուկային զենք մշակելու Իրանի հնարավորությունները:
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանը եւ Ռուսաստանը հավատարիմ են մնում համաձայնագրին, որը սահմանափակում է ուրանի հարստացման հարցով Իրանի ծրագիրը՝ պատժամիջոցների մեղմացման փոխարեն:
Անցած տարվա մայիսից Իրանը սկսել է աստիճանաբար հրաժարվել համաձայնագրի շրջանակում իր պարտավորություններից, իսկ անցած շաբաթ ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո հայտարարեց վերջնականապես համաձայնագրից դուրս գալու մասին: