Աղթամար կղզու եկեղեցում առաջին անգամ կատարվելու է մկրտություն
Թուրքական «Ինտերնետ հաբեր» լրատվական կայքը հաղորդում է, որ այս տարի Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող պատարագի ժամանակ առաջին անգամ տեղի կունենա նաև մկրտության արարողություն:
2010 թվականին Սուրբ Խաչ եկեղեցու վերաբացումից հետո 4-րդ անգամ է պատարագ մատուցվելու, որը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին: Վանում սպասում են, որ պատարագին ավելի շատ մարդ պետք է մասնակցի, քան անցած տարի: Վանի նահանգապետի օգնականը ժողով է գումարել, որի ժամանակ նահանգային կառույցներին տեղեկացրել է իրենց պարտականությունների մասին և տվել համապատասխան հրահանգներ:
Վան նահանգի մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Մուզաֆեր Աքթուղը հայտնել է, որ աշխատում են պատարագի համար ժամանած տեղացի և օտարերկրացի հյուրերին լավագույն կերպով հյուրընկալելու համար: Այդ նպատակով Թուրքիայի Մշակույթի նախարարությունից մասնագետներ են եկել և քաղաքի հյուրանոցների խոհանոցի և ծառյություն մատուցող ընկերությունների աշխատակիցների համար մեկշաբաթյա հատուկ դասեր են կազմակերպել:
Մուզաֆեր Աքթուղը նշել է նաև, որ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ իրեն տեղեկացրել են, որ այս տարի նախատեսում են Սուրբ Խաչ եկեղեցում մկրտություն անել: