Փաշինյանը «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն՝ ընտանիքը» կարգախոսի մասին (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն՝ իմ ընտանիքը» կարգախոսին և նշեց, որ մեկնաբանություններ եղան, թե էս կարգախոսի գաղափարախոսությունն էն է, որ երկրի ղեկավարը կստանա ժողովրդի հոր կարգավիճակ:
«Ես ուզում եմ հիշեցնել, որ ընտանիքում միայն հայրեր չէ, որ գոյություն ունեն: Գոյություն ունեն զավակներ, եղբայրներ, քույրեր ու մենք մեր գաղափարական տրամաբանությունը վաղուց ենք դրել»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ իրենք կառավարության ղեկավարի գործառույթը պատկերացնում են բացառապես ՀՀ քաղաքացիներին ծառայության ձևով: «Մենք ժողովրդի հայր կամ չգիտեմ ինչ լինելու հավակնություն չունենք, որովհետև ժողովրդին համարում ենք մեր գործատուն: Մենք սպասավորներ ենք ու պետք է մեր սպասավորությունն իրականացնենք մաքսիմալ անկեղծ, արդյունավետ ու մինչև վերջ»,-ասաց նա: