Եվրախորհրդարանը հրաժարվել է դիտարկել Ադրբեջանի արտահերթ ընտրությունները
Եվրախորհրդարանը չի դիտարկի Ադրբեջանի արտահերթ ընտրությունները, որը նշանակված է այս տարվա փետրվարի 9-ին: Այս մասին նշված է Եվրախորհրդարանի հաղորդագրության մեջ, որն ուղարկվել է Turan գործակալությանը:
«Այսպիսով, Եվրախորհրդարանի կամ նրա կառույցների անդամներից ոչ մեկը լիազորված չէ Եվրախորհրդարանի անունից դիտարկելու կամ մեկնաբանելու ընտրական գործընթացը:
Հետեւաբար, եթե Եվրախորհրդարանի որեւէ անդամ որոշի դիտարկել այդ ընտրությունները, ապա դա կկատարի անձամբ իր կողմից, եւ ոչ մի պարագայում չի ներկայացնի Եվրախորհրդարանի տեսակետը կամ դիրքորոշումը»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ:
Հրաժարվելու պատճառը չի հրապարակվում:
Նախորդ ընտրությունների ժամանակ Եվրախորհրդարանի մի շարք ներկայացուցիչներ Ադրբեջանում մոնիթորինգ էին անցկացրել: Սակայն նրանց եզրակացությունները հարուցել էին ժողովրդավարական ուժերի քննադատությունը, որոնք եվրախորհրդարանականներին մեղադրել էին բազմաթիվ խախտումները դիտավորյալ չնկատելու եւ փաստացի կեղծումներն արդարացնելու համար: