Միջազգային կոմերցիոն ավիաուղիները Մերձավոր Արեւելքով չվերթները վերաուղղորդում են
Միջազգային կոմերցիոն ավիաուղիները Մերձավոր Արեւելքով չվերթները վերաուղղորդում են՝ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ լարվածության էսկալացիայի ֆոնին հնարավոր վտանգներից խուսափելու համար, հայտնում է AP-ն:
Ավստրալական Qantas ավիափոխադրողը հայտարարել է, որ Իրանի եւ Իրաքի օդային տարածքից խուսափելու համար Լոնդոնից Փերթ իր երթուղին փոխում է՝ մինչեւ հետագա իրազեկում:
Malaysia Airlines ավիաընկերությունը հայտարարել է, որ «վերջին իրադարձությունների պատճառով» իր ինքնաթիռները կխուսափեն Իրանի օդային տարածքից:
«Սինգապուրյան ավիաուղիները» նույնպես հայտարարել է, որ Եվրոպա իր չվերթները վերաուղղորդվելու է՝ Իրանի երկնքով թռիչքներից խուսափելու համար:
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը հայտարարել է, որ ամերիկացի օդաչուներին եւ ինքնաթիռներին արգելում է թռչել Իրաքի, Իրանի եւ Պարսից ծոցի որոշ երկրների օդային տարածքների շրջանում: Գործակալությունը զգուշացրել է ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերությունների մեծ լարվածության պայմաններում քաղաքացիական ինքնաթիռների «հնարավոր վրիպման կամ սխալ նույնականացման» մասին:
Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինությունը հնդկական կոմերցիոն փոխադրողներին խորհուրդ է տվել խուսափել Իրանի, Իրաքի եւ Պարսից ծոցի օդային տարածքից:
«Ռոսավիացիան» նույնպես հանդես է եկել պաշտոնական հանձնարարականով ռուսական բոլոր ավիաընկերությունների համար՝ խուսափել Իրանի, Իրաքի, Պարսից ծոցի եւ Հորմուզի նեղուցի երկնքով թռիչքներից՝ «միջազգային քաղաքացիական չվերթների անվտանգության համար գոյություն ունեցող ռիսկերի պատճառով»:
Գերմանական Lufthansa ավիաընկերությունը հայտարարել է, որ ընթացիկ իրավիճակի լույսի ներքո չեղարկել է Ֆրանկֆուրտից Թեհրան իր չվերթը:
Ղազախստանյան առնվազն երկու ավիաընկերություններ՝ «Էյր Աստանան» եւ «ՍԿԱՏ»-ը դիտարկել են Իրանի երկնքով երթուղու փոփոխման կամ իրենց չվերթների չեղարկման հնարավորությունը՝ ուկրաինական ինքնաթիռի կործանումից հետո, որի հետեւանքով զոհվել էր 176 մարդ:
Flydubai ավիաընկերությունը չորեքշաբթի չեղարկել է Դուբայից Բաղդադ կանոնավոր չվերթը, բայց շարունակում է թռիչքները Բասրա եւ Նաջաֆ: Դուբայի եւ Բաղդադի միջեւ Emirates ավիաընկերության չվերթները չեղարկվել են:
Սակայն Qatar Airways-ը հայտարարել է, որ Իրաք իր չվերթները կատարվում են սովորական ռեժիմով: