Իրաքում ամերիկյան ռեժիմի գործողությունը միջազգային օրենքներին հակասող ակտ էր. ՀՀ-ում Իրանի փոխդեսպան. (Տեսանյութ)
Իրաքում ամերիկյան ռեժիմի տեռորիստական գործողությունը միջազգային օրենքներին հակասող ակտ էր: Այս մասին, այսօր՝ հունվարի 8-ին, ՀՀ-ում Իրանի դեսպանատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց փոխդեսպան Ա. Մոթաղին:
Նա տեղեկացրեց, որ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը գեներալ- հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի նահատակության կապակցությամբ բացվել է «Սգո մատյան», որը բաց կլինի նաեւ վաղը ժամը 11-12-ին:
Նրա խոսքով, գեներալ Սոլեյմանին ահաբեկչության ենթարկվեց Իրաքում ԱՄՆ-ի կողմից. «Գեներալ Սոլեյմանին եւ իր ռազմակիցները շատ մեծ դերակատարություն ունեցան Իրաքում եւ Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում, այդ թվում ԴԱԵՇ-ականների դեմ: Նրանց դերակատարությունը շատ կարեւոր է Իրաքի եւ Սիրիայի կառավարությունների դիմակայության գործում: Գեներալ Սոլեյմանին եւ իր ռազմակիցները իրենց անձնազոհությամբ փրկեցին հազարավոր մարդկանց կյանքեր Իրաքում եւ Սիրիայում:
Պետք է նշել, որ Իրաքում ամերիկյան ռեժիմի տեռորիստական գործողությունը միջազգային օրենքներին հակասող ակտ էր, քանի որ գեներալ Սոլեյմանին հանդիսանում էր Իրանի պաշտոնական ներկայացուցիչ, որն Իրաք էր գնացել Իրաքի հրավերով:
Մի պետություն միջազգային օրենքներին հակառակ եւ հակասող պայմաններում Իրաքում սպանեց գեներալին: Սա նաեւ համարվում է Իրաքի տարածքի խախտումը տեռորիստական Ամերիկայի կողմից:
ԻԻՀ-ի պատասխանն այդ գործողությանը կլինի միանգամայն օրինական եւ ամերիկյան կողմը պատասխանատու կլինի իր գործողության համար: Ամերիկյան գործողությունը հակասում է ահաբեկիչների դեմ պայքարի մասին իր հայտարարություններին»,-ասաց փոխդեսպանը:
Նա իր խոսքվի վերջում շնորհակալություն հայտնեց բարեկամ հայ ժողովրդին՝ իրենց ցավակցելու կապակցությամբ: