Երկու ուղեւոր չի նստել Թեհրանում կործանված ինքնաթիռ
Թեհրանից Կիեւ PS 752 չվերթի գրանցված 169 ուղեւորներից երկուսը չի նստել ինքնաթիռ։ Այս մասին ճեպազրույցում տեղեկացրել է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը, տեղեկացնում է «112 Ուկրաինա»-ն։
«Բոլոր 169 քաղաքացիների անունները, որոնք գրանցվել են այդ չվերթի համար, մենք ունենք։ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն բանին, որ ինքնաթիռ նստել է 167 քաղաքացի։ Երկու քաղաքացի չի նստել ինքնաթիռ, որն ուղեւորվում էր Թեհրանից»,- նշել է Դանիլովը։
Ինչպես տեղեկացնում է «ԿՊ»-ն, Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի մասերում գտել են ձեռագիր գրություն։ Պարզվել է, որ այն պատկանել է ուղեւորներից մեկին՝ կանադացի ուսանողի։ Գրառման մեջ պատանին Աստծուն խնդրում է օգնել քննությունները հանձնելու հարցում։ Նախնական տվյալներով՝ զոհվածների մի մասը կանադացի ուսանողներ են, որոնք վերադառնում էին սուրբծննդյան արձակուրդներից հետո եւ ընտրել էին հենց այս չվերթը ցածր գնի պատճառով։
Հիշեցնենք, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանում վթարվել է ՈւՄԱ-ին պատկանող Boeing 737 ուղեւորատար ինքնաթիռը։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին գրել է, որ ինքնաթիռում գտնվողները բոլորը զոհվել են։ Արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն նշել է, որ աղետի հետեւանքով զոհվել է Ուկրաինայի 11 քաղաքացի։
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում 167 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ է եղել։
Թռիչքի ժամանակ ինքնաթիռը բռնկվել է։ Վթարի պատճառների պաշտոնական վարկածը Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի ներկայացուցիչների կողմից շարժչի բռնկումն է։